Փաշինյան. Մեզ համար զգայուն խնդիր է գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը

09.12.2022 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԵԱՏՄ #Հայաստան
Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան $3 մլրդ դոլար եւ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80%-ով։

Ղրղզստանում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարեւոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2022 թվականին ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարեւոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։  

«Չափազանց կարեւոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։ Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը։ Մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը։

Կառուցողական երկխոսության եւ փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվի առնելով վերը նշված գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը՝ մի շարք չլուծված խնդիրներ են մնում։

«Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու եւ չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով»,- ասել է նա:

Նա համագործակցության մեկ այլ կարեւոր ուղղություն է համարել նաեւ ԵԱՏՄ-ի եւ երրորդ երկրների ու միավորումների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

«Չինաստանի հետ առեւտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի եւ Սերբիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաեւ Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի եւ Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։

Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը եւ երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունից հայտնել են, որ նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, նախանշվել են ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների եւ ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման ուղիները։ Քննարկվել եւ հաստատվել են էներգետիկայի եւ առեւտրի ոլորտներին վերաբերող մի քանի որոշումներ: Որոշվել է մեկնարկել ԵԱՏՄ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթաց:
Դիտում՝ 4058
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW