Financial Times-ը լավատեսություն է արձանագրել եվրոպացի գործարարների շրջանում

30.11.2022 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Financial Times #Եվրոպա #տնտեսություն
Եվրոպական տնտեսության համար ամենահոռետեսական կանխատեսումները չիրականացան, եւ տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների թոփ մենեջերներն աստիճանաբար սկսում են ավելի լավատեսորեն նայել ապագային։ Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը։

Գործարարների տրամադրությանը նպաստում են ցածր գործազրկությունը, կառավարությունների կողմից  հարկաբյուջետային աջակցությունը, օգոստոս ամսվա առավելագույն ցուցանիշներից էներգակիրների գների իջեցումը եւ տաք աշնանային եղանակը, որը հնարավորություն տվեց գրեթե լիքը պահել գազի պահեստարանները:

«Ինչպես բոլորը, ես եւս մտավախություններ ունեմ, սակայն գնալով ավելի հաճախ մտածում եմ, որ բաժակը կիսով չափ լցված է»,- ասել է իսպանական Santander բանկի եվրոպական ստորաբաժանման ղեկավար Անտոնիո Սիմոնսը:

Նույնիսկ Գերմանիայում, որը հատկապես ծանր է տուժել էներգետիկ ճգնաժամից, գործարար համայնքի մոտ զգուշավոր լավատեսության նշաններ են նկատվում:

«Արդյունաբերական եւ սպասարկման ոլորտների մեծ մասում արտադրությունը բավականին դիմացկուն է, չնայած էներգակիրների գների շոկին: Ընկերություններն ունեն մեծ քանակությամբ պատվերներ, ուստի իրենց շատ աշխատանք է սպասում, նույնիսկ եթե պահանջարկը սկսի նվազել»,- ասել է Գերմանական արդյունաբերության դաշնային միավորման (BDI) հետազոտությունների գծով բաժնի ղեկավար Կլաուս Դոյչը:

BDI-ի ներկայացուցիչները Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել են, որ իրենք չափազանց մռայլ էին գնահատում իրավիճակը Գերմանիայի տնտեսությունում, եւ որ հունվարին կարող են բարելավել Գերմանիայի ՀՆԱ-ի կանխատեսումը, որն այժմ 2022-ի համար նախատեսում է 0,9% աճ։

Տնտեսագետների մեծ մասը նախկինի պես ակնկալում է Եվրոգոտում մեղմ ռեցեսիա, որը տարածաշրջանում բնորոշվում է որպես ՀՆԱ-ի երկու եռամսյակ անընդմեջ անկում, մինչդեռ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) խոստանում է շարունակել բարձրացնել տոկոսադրույքները:

Սակայն երրորդ եռամսյակում արժութային դաշինքի տնտեսության 0,2%-ով աճի մասին տվյալներից հետո նրանցից ոմանք սկսեցին խոստովանել, որ գերագնահատել են բարձր գնաճի բացասական ազդեցությունը սպառողական ծախսերի եւ արդյունաբերական արտադրության վրա եւ թերագնահատել են կորոնավիրուսային սահմանափակումների վերացման դրական էֆեկտը։

«Համավարակի մի քանի տարիներից հետո մարդիկ ցանկանում են գեղեցիկ, էլեգանտ հագուստ ունենալ: Մարդիկ հոգնել են հիմնական իրերից։ Ուստի մենք նկատում ենք պահանջարկի հսկայական աճ»,- ասել է իսպանական Mango ընկերության ղեկավար Թոնի Ռուիսը։
Դիտում՝ 5792
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW