Միջազգային հաշվարկների նոր համակարգի առաջարկ՝ հազարամյա փորձի հիման վրա

25.11.2022 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Պուտին #միջազգային հաշվարկներ #հավալա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է արդիականացնել hավալան՝ ոչ ֆորմալ ֆինանսահաշվարկային համակարգը, որը հիմնված է բրոքերների միջեւ պահանջների եւ պարտավորությունների հաշվանցման վրա, եւ ստեղծել միջազգային վճարային համակարգ՝ թվային արժույթների եւ բաշխված ռեեստրների տեխնոլոգիաների հիման վրա:

Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է նախօրեին «Սբեր»-ի կազմակերպած «Ճանապարհորդություն արհեստական բանականության աշխարհ» (AI Journey) համաժողովի ժամանակ։

Պուտինի խոսքով՝ միջազգային վճարումների ներկայիս համակարգը թանկ արժե։ «Դրա թղթակցային հաշիվների եւ կարգավորման համակարգը վերահսկվում է պետությունների եւ ֆինանսական խմբերի նեղ շրջանակի կողմից։ Փաստացի նրանք կյանքի տերերն են եւ իրականապես մենաշնորհային վերահսկողություն ունեն ամեն ինչի նկատմամբ»,- ասել է նա։

Ուստի Ռուսաստանը գործընկերների հետ միասին պետք է ստեղծի միջազգային հաշվարկների սեփական համակարգը։ Եվ այստեղ անհրաժեշտ է «միավորել առաջադեմ տեխնոլոգիաները եւ մարդկության հազարամյա փորձը»։ Որպես օրինակ Վլադիմիր Պուտինը բերել է Միջին Արեւելքում եւ Ասիայում օգտագործվող հավալա հաշվարկների համակարգը։ «Այն հայտնվել է հարյուրավոր տարիներ առաջ՝ արեւմտյան բանկային համակարգի ի հայտ գալուց շատ ավելի շուտ, եւ, ի դեպ, մինչ օրս գործում եւ շարունակում է կատարել միջազգային հաշվարկների գործառույթները»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Հավալայի էությունն է՝ ուղարկողը գումար է տալիս իր երկրում գտնվող բրոքերին, իսկ ստացողն անմիջապես ընդունում է այն մեկ այլ երկրում՝ իր բրոքերի միջոցով: «Բրոքերներն իրենց հերթին փոխադարձ հաշվարկներ են կատարում միմյանց միջեւ։ Ինչպես հիմա կասեին՝ ըստ քլիրինգային սխեմայի»,- պարզաբանել է Վլադիմիր Պուտինը։

Նա կարծում է, որ թվային արժույթների եւ բաշխված ռեեստրների տեխնոլոգիաների հիման վրա հնարավոր է ստեղծել միջազգային վճարումների նոր համակարգ, ընդ որում, «շատ ավելի հարմար, բայց, միաժամանակ, բոլորովին անվտանգ մասնակիցների համար եւ, կարեւորը, բանկերից եւ երրորդ երկրների միջամտությունից անկախ»:

«Վստահ եմ, որ նման մի բան անպայման կզարգանա։ Որովհետեւ ոչ մեկին դուր չի գալիս մենաշնորհատերերի այս հարկադրանքը, որն իրական վնաս է պատճառում բոլորին»,- եզրափակել է ՌԴ ղեկավարը։

Հավալան տարածված է Իրանում, որը երկար ժամանակ ապրում է պատժամիջոցների պայմաններում եւ անջատված է SWIFT համակարգից։
Դիտում՝ 8681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW