Յունիբանկի ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է թվային բանկինգի լաբորատորիա: Յունիբանկից հայտնել են, որ նորարար լուծումներով լաբորատորիան հնարավորություն կտա կազմակերպելու բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը, կնպաստի գիտական եւ մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով բանկային համակարգի համար թվային նոր խելացի լուծումներ գեներացնելուն, ինչպես նաեւ երիտասարդ մասնագետների վերապատրաստման մի շարք ծրագրեր իրականացնելուն եւ բանկային ոլորտը մասնագիտական կադրերով համալրելուն: ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը պոլիտեխնիկական համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Յունիբանկին՝ ուսումնական կենտրոնը ստեղծելու, համագործակցության, բուհին աջակցելու, ուսանողական ու դասախոսական անձնակազմերին ժամանակակից միջավայրով ապահովելու համար։ «Պոլիտեխնիկը, լինելով տեխնոլոգիական համալսարան, նպատակ ունի բանկի հետ միասին այս լաբորատորիայում իրականացնել նոր մշակումներ, թվային տեխնոլագիաների եւ խելացի լուծումների միջոցով նոր հնարավորություն ստեղծել բանկային գործ մասնագիության, ինչպես նաեւ բանկերի գործունեության մեջ թվային տեխնոլոգիաների ինտեգրման գործում»,- ասել է ռեկտորը: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշել է, որ Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը, բուհում թվային լաբորատորիայի եւ ուսումնական կենտրոնի ստեղծումը, պատահական չէ:«Քանզի բանկն արդեն իսկ ոչ միայն «տնտեսագիտություն է», այլեւ տեխնոլոգիա։ Ես համոզված եմ, որ այս լաբորատորիան թույլ կտա վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ինչպես բարձրագույն կրթություն ունեցող դիմորդների համար, այնպես էլ կհանդիսանա վերապատրաստման վայր, որտեղ նաեւ բանկի գործող աշխատակիցները կկարողանան նոր գիտելիքներ ստանալ՝ ավելացնելով իրենց հմտությունները տեխնոլոգիաների եւ ֆինանսների բնագավառում։ Վստահ եմ, որ այս լաբորատորիային սպասվում է հաջողություն, բազմաթիվ ուսանողներ եւ նոր դիմորդներ»,- նշել է Մեսրոպ Հակոբյանը։ ՀԱՊՀ ռեկտորը նշել է, որ եթե Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ավտոմատացման ամբիոնն ու Յունիբանկի մասնագետները, միավորելով երիտասարդներին եւ մասնագետներին, գեներացնեն այնպիսի գաղափար, որը հնարավորություն կտա բանկային ոլորտում խելացի լուծում մտածել որեւէ խնդիր լուծելու համար, Պոլիտեխնիկական համալսարանը մինչեւ 5 մլն դրամի չափով կֆինանսավորի այդ գաղափարը։ Մեսրոպ Հակոբյանն իր հերթին նշել է, որ Յունիբանկը եւս իր ներդրումը կունենա այդ նախագծում: Համագործակցության հուշագիրը, որի շրջանակում իրականացվում են համատեղ մի շարք ծրագրեր, Յունիբանկի եւ Պոլիտեխնիկի միջեւ ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Tweet Դիտում՝ 5540