Կառավարությունն այսօր հավանություն է տվել կառավարության ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող նախագծին:Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է 2023 թվականից սկսած՝ ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների Համընդհանուր հայտարարագրման համակարգ, որը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: «Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ, գործատուի կողմից հաշվարկված եկամուտների եւ դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած այլ տեղեկությունները: Այդ հայտարարագիրը նախնական տեսքով էլեկտրոնային եղանակով պետք է պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար: Յուրաքանչյուր անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Այդ համակարգում անձը գտնելու է իր համար նախալրացված նախահայտարարագիրը, ստուգելու է այն, անհրաժեշտության դեպքում կատարելու է փոփոխություն եւ հաստատելու է հայտարարագրի վերջնական տարբերակը: Հայտարարագիրը պետք է հաստատվի մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը»,-ասել է նախարարը:Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ներդրվում է նաեւ խթանող միջոցներ՝ սոցիալական կրեդիտների միջոցով, որի շրջանակում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված եւ հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ: «Պարզեցվում է նաեւ արտերկրից ստացվող եկամուտների դիմաց վճարվող հարկերի փաստաթղթերի պահանջը։ Գործող օրենքը պահանջում է, որ քաղաքացին ներկայացնի արտերկրի հարկայինից ստացված տեղեկանք, որ այդ եկամտից դրսում արդեն իսկ հարկեր գանձվել են: Օրինակ, գիտենք, որ ՀՀ քաղաքացիների եկամուտները ՌԴ-ում հարկվում են 30%-ով, իսկ ՀՀ–ում 20% հարկ է նախատեսվում։ Սա նշանակում է, որ գալիք 5 տարվա ընթացքում տեղեկանք չենք ուզի ՌԴ հարկայինից, այլ միայն կուզենք, որ եկամտի ստացման աղբյուրը ցույց տան։ Խոսքը տարեկան 12 մլն դրամ կամ ամսական 1 միլիոն դրամ ամսական եկամուտ ստանալու համար է, իսկ դրանից բարձրի դեպքում տեղեկանքի կարիք կլինի»,- մանրամասնել է նախարար:Նա նշել է, որ հայտարարագրման համակարգը ներդրվում է երեք փուլով՝ 2023, 2024 եւ 2025 թվականներին: «Առաջին տարվա համար հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, նաեւ այն քաղաքացիները, որոնք բաժնետեր են մի կազմակերպությունում, որի շրջանառությունը 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1 միլիարդ դրամը, նաեւ այն քաղաքացիները, որոնք 2023 թվականին ստացած կլինեն 20 միլիոն դրամ եւ ավելի փոխառություններ ու վարկեր: Հայտարարագիր կներկայացնեն նաեւ այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:Նրա խոսքով՝ 2024 թվականից պետք է հայտարարագիր ներկայացնեն նաեւ այն քաղաքացիները, որոնք առաջին խմբի մեջ չեն, բայց հանդիսանում են վարձու աշխատողներ մասնավոր հատվածում կամ պայմանագրերով իրենց կտարած աշխատանքի դիմաց ստացել են եկամուտներ:«2025 թվականի համար հայտարարագիր ներկայացնող երրորդ խմբում ընդգրկված են բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերում չեն:Հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվություն կսահմանվի՝ պատասխանատվության չափը քննարկելի է, հնարավոր է սկսի 20 000 դրամից սկսած: Պատասխանատվություն չսահմանելու դեպքում կստացվի, որ համակարգն է ձախողվում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 8843