Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկում։Միջոցառման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման հեռանկարները, ներկայացվեցին ոլորտի տեղական եւ միջազգային փորձագետների կարծիքները, համանման փորձ ունեցող երկրների առջեւ ծառացած մարտահրավերներն եւ քաղված դասերը, անդրադարձ կատարվեց թափոնների կայուն կառավարման տեղական նախաձեռնություններին։ Ներկայացվեց նաեւ հանրային կապերի եւ կրթության դերը թափոնների կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման եւ հասարակության շրջանում վարքագծի փոփոխության գործում։Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգերն ապահովում են արտադրողների կամ ներմուծողների կողմից շուկա բերված կոնկրետ ապրանքների հետ սպառման փուլում առաջացած թափոնների (անվադողեր, մարտկոցներ, փաթեթավորում եւ այլն) կառավարումը: Թափոնների կառավարումը բնապահպանական օրակարգի եւ շրջանաձեւ տնտեսության կարեւորագույն բաղադրիչներից է, որը կոչված է նվազեցնելու արտադրանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` արտադրողին պատասխանատու դարձնելով արտադրության ողջ գործընթացի համար:Ներկաներին ողջունեցին եւ քննարկվող թեմայի կարեւորության մասին խոսեցին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը, Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւ այլոք։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի, «Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում» եւ «Հայ-բրիտանական գործարարության պալատ» ՀԿ-ների, «RWA Group»-ի եւ «Պարպունաս Սըսթեյնըբիլիթի Քընսալթընթս» ընկերության ներկայացուցիչներն անդրադարձ կատարեցին Հայաստանում ԱԸՊ համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, որից հետո միջազգային փորձագետները խոսեցին այլ երկրներում համանման փորձի մասին։Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ ու այլ շահագրգիռ կողմեր:Քննարկման նախաձեռնողներն ու համաֆինանսավորողներն են «Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ն (Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի «Ուժեղ ասոցիացիաներ եւ պալատներ՝ շահերի ուժեղ պաշտպաններ» ծրագրի շրջանակում), «Հայ-բրիտանական գործարարության պալատ» ՀԿ-ն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը (Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում), Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը: Tweet Դիտում՝ 7380