Wealth-X հետազոտական ընկերությունը հրապարակել է հերթական զեկույցն աշխարհում գերբարձր կարողություն ունեցող մարդկանց թվի մասին՝ սկսած $30 միլիոնից (ultra high net worth - UHNW):«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ առաջին կիսամյակում նրանց թիվը նվազել է 6%-ով՝ հասնելով 392 410-ի, իսկ կարողության ընդհանուր չափը կրճատվել է 11%-ով՝ կազմելով $41,8 տրիլիոն։ Հետազոտողներն այս իրավիճակը բացատրում են համաշխարհային տնտեսության խնդիրներով եւ աշխարհաքաղաքական լարվածության աճով, որն առաջացել է Ուկրաինայում ռազմական հակամարտության պատճառով։Ամենազգալի անկումը գրանցել է Հյուսիսային Ամերիկան, որտեղ կենտրոնացած է $30 միլիոնից ավելի կարողություն ունեցողների մեծ մասը՝ 34,3%-ը: Առաջին կիսամյակում նրանց թիվը նվազել է 9,7%-ով՝ կազմելով 134 530 մարդ։Ասիան, որը UHNW անձանց մասնաբաժնով գտնվում է երկրորդ տեղում (29,6%), բավականին համեստ անկում է գրանցել՝ 3,9%-ով՝ մինչեւ 116 080 մարդ: Եվրոպայում, որտեղ ապրում է աշխարհի միլիոնատերերի 25,6%-ը, կրճատումը կազմել է 6,9%՝ մինչեւ 100 370 մարդ։Միակ տարածաշրջանները, որտեղ առաջին կիսամյակում մուլտիմիլիոնատերերի թիվն աճել է, եղել են Մերձավոր Արեւելքը (7,4% աճ) եւ Լատինական Ամերիկան/Կարիբյան ավազանը (5,1% աճ)։ Wealth-X-ի փորձագետներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ նշված տարածաշրջանների զարգացող երկրներում միլիոնատերերի մեծ մասը կապված է օգտակար հանածոների, այդ թվում՝ նավթի եւ գազի արդյունահանման եւ վաճառքի հետ։Աշխարհի երկրների լավագույն տասնյակում, որտեղ ապրում են $30 միլիոնից ավելի կարողություն ունեցող ամենամեծ թվով մարդիկ, միայն Չինաստանն է կարողացել խուսափել բացասական միտումից. այնտեղ առաջին կիսամյակում մուլտիմիլիոնատերերի թիվն աճել է 2,3 %-ով՝ մինչեւ 51 145 մարդ: Այս ցուցանիշով Չինաստանը զբաղեցրել է աշխարհում երկրորդ տեղը։Լավագույն տասնյակի մյուս բոլոր երկրներում մեծահարուստների թիվը նվազել է. ԱՄՆ-ում, որն առաջին տեղում է, 10,3%-ով՝ մինչեւ 121 465 մարդ, երրորդ տեղը զբաղեցնող Գերմանիայում կրճատումը կազմել է 7,2%՝ մինչեւ 19 870 մարդ։Առաջին կիսամյակում աշխարհի ամենամեծ թվով մեծահարուստներ ունեցող երկրների/տարածքների լավագույն տասնյակում են նաեւ Ճապոնիան, Հոնկոնգը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Շվեյցարիան եւ Իտալիան: Tweet Դիտում՝ 11095