Երեւան /Մեդիամաքս/. Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարության եւ Կենտրոնական բանկի գործողությունները## թույլ են տվել հակազդել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Ազգային Ժողովում կառավարության ղեկավարն ասել է, որ ճգնաժամի նոր ալիքը Հայաստանի համար հղի է հետեւյալ ռիսկերով. ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատում, կապիտալ շինարարության ոլորտում ներդրումային ծրագրերի ձգձգում: “Այդ ռիսկերը կարող են հանգեցնել ստվերային տնտեսության ծավալների աճին եւ կոռուպցիայի խորացմանը”,- խոստովանել է վարչապետը: Նրա խոսքերով, ցնցումներից խուսափելու համար կառավարությունը պետք է ապահովի կայուն մակրոտնտեսական աճ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքների հաղթահարման նպատակով կառավարության կողմից մշակվել են մի շարք լրացուցիչ միջոցառումներ: Կառավարությունը մտադիր է 2009 թվականին նպաստել տնտեսության իրական հատվածի զարգացմանը խոշոր ֆինանսական նախագծերի համար պետական երաշխիքներ տրամադրելու եւ ձեռնարկությունների կանոնադրական կապիտալում մասնակցելու միջոցով: “Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար կառավարությունը մտադիր է ապահովել Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Ասիական բանկի խոշոր ներդրումային ծրագրերի հասանելիությունը, ինչպես նաեւ պարզեցնել հարկային վարչարարությունը”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Որպես հաջորդ քայլ վարչապետը մատնանշել է “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում եւ Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտիների հիմնումը: Տիգրան Սարգսյանի խոսքերով, աշխատանքներ են տարվում նաեւ Եվրոպական Միության եւ ԱՄՆ-ի հետ առեւտրային համագործակցության վերաբերյալ պայմանագրերի ստորագրման ուղղությամբ, որոնք կհեշտացնեն հայ արտահանողների աշխատանքը: Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, որ Համաշխարհային բանկի հետ $800 մլն ընդհանուր գումարի վարկերի տրամադրման ուղղությամբ բանակցություններ են վարվում` Հայաստանի կենսագործունեության բոլոր ոլորտներում լրացուցիչ ծրագրերի իրագործման նպատակով: Tweet Դիտում՝ 6596