WEF-ը պարզել է G20 երկրների գործարար միջավայրի մտավախությունները

08.11.2022 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#WEF #G20 #հարցում
Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) Նոր տնտեսության եւ հասարակության կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ արագացող գնաճը կլինի G20 երկրներում բիզնեսի համար հիմնական սպառնալիքն առաջիկա երկու տարում:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ հարցմանը մասնակցել են G20 երկրներում գործող ընկերությունների ղեկավարները։

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր շատ երկրներում գործարարների շրջանում ամենամեծ մտավախությունը պայմանավորված է տնտեսական, աշխարհաքաղաքական եւ սոցիալական խնդիրներով՝ կապված շուկայական ցնցումների եւ քաղաքական հակամարտությունների թվի աճի հետ:

G20-ի ներկայացուցիչների ավելի քան մեկ երրորդը (37%) որպես հիմնական խնդիր նշել է աճող գնաճը, որին հաջորդում է պետական պարտքի աճը եւ կյանքի արժեքի բարձրացումը․ այս մասին նշել է հարցվածների 21%-ը: Միաժամանակ, երկու երկրի ներկայացուցիչներ որպես հիմնական ռիսկ առանձնացրել են աշխարհատնտեսական առճակատումը, որոշ հարցվածներ հիմնական խնդիրների շարքում նշել են պետությունների հնարավոր փլուզումը, լայն տարածում ապահովող թվային ծառայությունների բացակայությունը եւ թվային անհավասարությունը։

Հարցման արդյունքներն ընդգծում են զարգացած եւ զարգացող տնտեսությունների միջեւ տարածաշրջանային տարբերությունները: Գնաճի ավելացման հետ կապված տնտեսական ռիսկերը նշել են Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Արեւելյան Ասիայի, Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի եւ Կարիբյան ավազանի երկրների հարցվածները: Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների ներկայացուցիչներին անհանգստացրել են կյանքի թանկացման հետ կապված խնդիրները։ Կենտրոնական եւ Հարավային Ասիայում ամենամեծ մտահոգությունն առաջացրել են միջպետական հակամարտությունները։

Ինչպես նշվում է զեկույցում, այս տարվա հետազոտության արդյունքները խիստ տարբերվում են 2021 թվականի արդյունքներից։ Բնապահպանական ռիսկերը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հետին պլան են մղվել, ինչպես եւ կիբեռհարձակումների աճող սպառնալիքը: Սակայն փորձագետները կոչ են անում չմոռանալ այս խնդիրների մասին, քանի որ դրանց հետեւանքները կարող են երկարաժամկետ լինել։
Դիտում՝ 4109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW