Ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, The Guardian-ի համար գրած սյունակում նշել է այն հիմնական «մեգասպառնալիքները», որոնց մարդկությունը ստիպված կլինի բախվել առաջիկա տասնամյակներում:«2008 թվականի ֆինանսական ճգնաժամին նախորդող տարիներին ես ճիշտ կանխատեսել էի, որ վերելքների եւ անկումների վտանգավոր ցիկլերը կհանգեցնեն տնտեսական ամբողջական փլուզման: Վախենում եմ, որ մենք կրկին կբախվենք այդ հեռանկարին»,- Ռուբինիի խոսքերն է մեջբերում Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:Նրա կանխատեսմամբ՝ նոր «գլոբալ ռեցեսիան» երկարատեւ ու խորը կլինի։ Արդեն այսօր պարտքի բարձր գործակիցը եւ աճող տոկոսադրույքները հանգեցնում են պարտքի սպասարկման խնդիրների կտրուկ աճի, նշել է Ռուբինին։ Գնաճի հետեւանքով կենտրոնական բանկերի կողմից հիմնական տոկոսադրույքների բարձրացումը կհանգեցնի «տնային տնտեսությունների, ընկերությունների, ֆինանսական հաստատությունների, կառավարությունների եւ երկրների» դեֆոլտների, իսկ ուղղակի ներդրումների, անշարժ գույքի, վենչուրային կապիտալի եւ կրիպտոարժույթների շուկաներում փուչիկները կպայթեն՝ նշանավորելով «էժան փողի դարաշրջանի» ավարտը, վստահ է տնտեսագետը:Գլոբալ աշխարհաքաղաքական «մեգասպառնալիքների» շարքում Ռուբինին նշել է համընդհանուր հիասթափությունը լիբերալ ժողովրդավարությունից եւ «ծայրահեղ աջ ու ձախ արմատական, ավտորիտար կուսակցությունների վերելքը», որն այդ թվում կապված է սոցիալական անհավասարության աճի հետ: Հետագայում այս խնդիրը կսրի ավտոմատացումը, արհեստական բանականության եւ ռոբոտաշինության տարածումը, ինչը կհանգեցնի գործազրկության աճին եւ «պոպուլիստական վտանգավոր ռեժիմների» իշխանության գալուն, կարծում է փորձագետը։Նա նաեւ մտահոգված է Ուկրաինայում շարունակվող հակամարտությամբ, որը կարող է հանգեցնել «սառը պատերազմի վերսկսմանը Արեւմուտքի եւ այնպիսի գերտերությունների միջեւ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը կամ Հյուսիսային Կորեան»: «Իրավիճակն էլ ավելի է ապակայունացնում Թայվանի պատճառով ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ աճող լարվածությունը, ինչպես նաեւ Իրանի ու Իսրայելի միջեւ հակամարտության մշտական ռիսկը»,- նշել է տնտեսագետը:Վերջապես, մարդկության համար գլխավոր «մեգասպառնալիքը» Ռուբինին համարում է «գլոբալ կլիմայական ճգնաժամը, որը կհանգեցնի անհաշվելի, անդառնալի տնտեսական եւ մարդկային աղետների»։ «Չնայած այն հանգամանքին, որ կլիմայի փոփոխությունն այսօր արդեն ազդում է միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, գերտերությունները քիչ բան են անում այս խնդիրը լուծելու համար»,- ասել է նա:Նշված սպառնալիքներն, ըստ Ռուբինիի, անվերջ «սնում են միմյանց՝ տանելով տնտեսական քաոսի, անկայունության, փլուզման եւ հակամարտությունների»։ Այնուամենայնիվ, տնտեսագետը տեսնում է նաեւ իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակ. «Դա այն ապագան է, որտեղ լոկալ եւ միջազգային մակարդակների քաղաքական գործիչները միասին աշխատում են լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան շարունակել, թեկուզ եւ ոչ հարթ, կեսդարյա խաղաղության եւ բարգավաճման ժամանակաշրջանը»:Հունիսին Ռուբինին հայտարարել էր, որ ԱՄՆ-ին սպառնում է խորը ռեցեսիա, եւ նրանք, ովքեր ակնկալում են մեղմ անցնել այդ անկումը, սխալվում են: 2021 թվականի հոկտեմբերին Ռուբինին Forbes-ին տված հարցազրույցում զգուշացրել էր, որ համաշխարհային գնաճը կշարունակվի մի քանի տարի, իսկ «ստագֆլյացիոն պարտքային ճգնաժամը» կարող է տեղի ունենալ առաջիկա 3-5 տարիներին: Tweet Դիտում՝ 7034