Հայտնի են Best Global Brands 2022 վարկանիշի առաջատարները

04.11.2022 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Interbrand #Best Global Brands #վարկանիշ
Interbrand խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Best Global Brands 2022 տարեկան զեկույցը, որի համաձայն Apple-ին հաջողվել է պահպանել առաջատարությունն աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Apple-ը տասներորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է առաջին տեղը։ Ընկերության բրենդի արժեքը գնահատվում է $482,2 միլիարդ, ինչը 18%-ով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը։

Լավագույն եռյակում, ինչպես եւ նախորդ տարի, ներառվել են Microsoft-ը եւ Amazon-ը։ Միայն թե հիմա դրանք փոխվել են տեղերով․ Microsoft բրենդը մեկ տարվա ընթացքում թանկացել է 32%-ով՝ հասնելով $278,3 միլիարդի, ինչը թույլ է տվել վերջինիս առաջ անցնել Ջեֆ Բեզոսի ընկերությունից գրեթե $3,5 միլիարդով եւ զբաղեցնել վարկանիշի երկրորդ տեղը։ Իսկ Amazon բրենդը 2022 թվականի արդյունքներով գնահատվել է $274,8 միլիարդ։

Ամենաթանկ բրենդների տասնյակում ընդգրկվել են նաեւ Google-ը ($251,75 միլիարդ), Samsung-ը ($87,7 միլիարդ), Toyota-ն ($59,76 միլիարդ), Coca-Cola-ն ($57,5 միլիարդ), Mercedes-Benz-ը ($56,1 միլիարդ), Disney-ը ($50,3 միլիարդ) եւ Nike-ը ($50,29 միլիարդ):

Վարկանիշում ներառված բրենդների ընդհանուր արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 16%-ով եւ հասել ռեկորդային $3,1 տրիլիոնի։ Interbrand-ի վարկանիշի հրապարակման ողջ ընթացքում բրենդները երբեք այսքան սրընթաց չեն թանկացել։

Best Global Brands վարկանիշի համար ընտրվում են գլոբալ ընդգրկում ունեցող բրենդները: Չափանիշների խստության պատճառով նույնիսկ այնպիսի խոշորները, ինչպիսին է, օրինակ, Alibaba-ն, կարող են տեղ չգտնել վարկանիշում: Առաջին չափանիշն այն է, որ եկամտի առնվազն 30%-ը պետք է բաժին հասնի բրենդի ծագման երկրից դուրս գտնվող տարածաշրջաններին:

Երկրորդ չափանիշը «բրենդի զգալի ներկայությունն է Ասիայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաեւ լայն ներկայությունը զարգացող շուկաներում»:

Բացի այդ, պետք է առկա լինի «ընկերության ֆինանսական արդյունքների մասին զգալի բաց տեղեկատվություն», ինչն արգելափակում է բազմաթիվ մասնավոր ընկերությունների մասնակցությունը, որոնք չեն հրապարակում ֆինանսական հաշվետվություն:

Մեկ այլ չափանիշ է «աշխարհի խոշորագույն տնտեսություններում բրենդի լավ ճանաչելիությունը»։
Դիտում՝ 11254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW