Դուբայի Սիլիկոնյան օազիսի ղեկավարը Հայաստանի հետ գործակցության մեծ ներուժ է տեսնում
27.10.2022 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /


Նրա կարծիքով՝ գործընկերային նախագծեր են հնարավոր ամենատարբեր ոլորտներում: «Կնախապատրաստվեն եւ առաջիկա տարիներին կյանքի կկոչվեն ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության ծրագրեր, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության որոշ ճյուղերի վրա նշանակալից կլինի»,- ասել է Հանս Հենրիկ Քրիստենսենը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի եւ Դուբայի հետ համագործակցություն է դիտարկվում ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ՏՏ ստարտափների աջակցությունից, նրանց զարգացման համար ներդրումների ներգրավումից մինչեւ Դուբայում հայաստանյան ՏՏ ընկերությունների մասնաճյուղերի բացում եւ հակառակը:
Համագործակցության ոլորտների շարքում նա առանձնացրել է նաեւ հայ դեվելոփերների ներգրավումը Դուբայում կյանքի կոչվող նախագծերին, ինչպես նաեւ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը:
Made in Armenia ՀԿ հրավերով Հայաստանում գտնվող Հանս Հենրիկ Քրիստենսենը հանդիպումներ է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի եւ ԲՏԱ նախարարություններում, ISTC հիմնադրամում, ԻՏՁՄ-ում եւ ՏՀՏ գործատուների միությունում ու ՏՏ ոլորտի առաջատար ձեռնարկություններում, այցելել Թումո նորարարական կենտրոն:
Դուբայում բլոկչեյն էկոհամակարգերի եւ թոքենացման նախագծերի ուղղությամբ մասնագիտացած Blokcentro ընկերության հիմնադիր նախագահ Հայկ Վարդանյանն իր հերթին անդրադարձել է այս տեխնոլոգիաների զարգացման, համաշխարհային տնտեսությունում օգտագործման միտումներին:
«Թոքենացնել (թվայնացնել) հնարավոր է ցանկացած ակտիվ՝ ոսկի, անշարժ գույք, բաժնետոմս, պետական պարտատոմսեր կամ, օրինակ, ստարտափ նախագիծ: Այդ ակտիվները, չլինելով ֆիզիկական, ավելի հեշտությամբ կարող են շրջանառվել համաշխարհային շուկայում՝ ներգրավելով ներդրումներ»,- ասել է նա:
Նախագծերի իրականացումը Հայաստանում նախատեսվում է Made in Armenia ՀԿ-ի միջոցով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: