Արտարժութային ռիսկերի կառավարումն այսօր առանցքային խնդիր է գործարար միջավայրում: Պայմանավորված փոխարժեքի տատանումների կտրուկ աճով` խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանանում միջազգային առեւտրի ոլորտում ներգրավված կազմակերպությունների շրջանում: Թե՛ ներմուծող եւ թե՛ արտահանող կազմակերպությունների համար բարդ կարող է լինել արտարժույթի ռիսկից հեջավորման մեխանիզմներ գտնելը՝ միեւնույն ժամանակ գործարքներ իրականացնելով տվյալ արտարժութային զույգերով: Մյուս կողմից, արտարժույթի տատանումներից հեջավորման դեպքում բիզնեսը կարող է ընդլայնել հնարավորությունները: Այսօր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան կամ բանկ) համախմբել էր մի շարք տեղական ընկերությունների՝ արտարժութային ռիսկերի հեջավորման առանձնահատկությունները քննարկելու, ինչպես նաեւ բանկի կողմից առաջարկվող համապատասխան գործիքները ներկայացնելու նպատակով: Միջազգային առեւտուր իրականացնելիս բիզնեսի ռիսկերն իրապես մեծանում են, որոնք կախված են արժույթի տեսակից, գործարքի արժեքից, վճարումներ կատարելու կամ ստանալու ժամանակահատվածից եւ շուկայում գերիշխող պայմաններից: Այնուամենայնիվ, գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կօգնեն հաճախորդներին գնահատել եւ նվազեցնել այդ ռիսկերը: HSBC Հայաստանի կողմից առաջարկվող լուծումներն ապահովում են միջազգային առեւտրի անխափան իրականացում` խնայելով հաճախորդների ջանքերն ու ժամանակը: «Բիզնեսին համապատասխան լուծումներ առաջարկելիս հաշվի են առնվում գործարքի բնույթը, ինչպես նաեւ բիզնեսում առկա որոշակի հանգամանքներ,- նշել է HSBC Հայաստանի Ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Մելքոնյանը,- սակայն առավել արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով անհրաժեշտ է տեղեկանալ առկա բոլոր հնարավոր լուծումների մասին, քանի որ, եթե նույնիսկ որոշեք չգործել, ապա այդ որոշումը պետք է լինի գիտակցված եւ փաստերի վրա հիմնված»:«Արտարժույթի տատանումները կարող են էապես ազդել շահույթի փոփոխության վրա եւ անգամ` զգալի ֆինանսական վնասի պատճառ հանդիսանալ: Այդ ռիսկերը անտեսելը վկայում է այն մասին, որ գործարարները չեն գիտակցում հարցի կարեւորությունը, կամ էլ` կարծում են, որ դրանց կառավարումը չափազանց ժամանակատար է»,- ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: Tweet Դիտում՝ 22944