Հայտնի են 2022թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

10.10.2022 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսագիտություն #Նոբելյան մրցանակ
Տնտեսագիտության ոլորտում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Բեն Բեռնանկեին (ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավար), Դուգլաս Դայմոնդին եւ Ֆիլիպ Դիբվիգին՝ «բանկերի եւ ֆինանսական ճգնաժամերի ուսումնասիրության համար», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Ինչպես նշվում է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ, այս գիտնականների հայտնագործություններն օգնել են հասարակությանն ավելի լավ հաղթահարել ֆինանսական ճգնաժամերը եւ նպաստել տնտեսության մեջ բանկերի դերի ընկալմանը, հատկապես ֆինանսական ճգնաժամերի ժամանակ: Նրանց հետազոտության կարեւոր եզրահանգումն է, թե ինչու է ծայրահեղ կարեւոր խուսափել բանկերի փլուզումից:

1980-ականների սկզբին այս մասնագետները հիմք դրեցին ժամանակակից հետազոտությունների համար, թե որքան կարեւոր են բանկերը ֆինանսական համակարգի կայունության համար եւ ինչպես նվազեցնել դրանց խոցելիությունը ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ դրա հետագա խորացումը կանխելու համար:

Որպեսզի տնտեսությունն աշխատի, խնայողությունները պետք է ինչ-որ տեղ ներդրվեն: Սակայն այստեղ շահերի բախում է առաջանում. ավանդատուներն ուզում են արագ հասանելիություն ստանալ իրենց գումարին, մինչդեռ ձեռնարկությունները պետք է իմանան, որ իրենց չեն պարտադրի վաղաժամկետ մարել վարկերը: Դայմոնդն ու Դիբվիգն իրենց հետազոտությունների մեջ ցույց են տալիս, թե ինչպես են բանկերը լուծում այս խնդիրը՝ թույլ տալով ավանդատուներին վերցնել գումարը երբ ցանկանան, ինչպես նաեւ երկարաժամկետ վարկեր առաջարկելով վարկառուներին:

Միաժամանակ, նրանք ուշադրություն են հրավիրել բանկերի խոցելիության վրա այն դեպքում, եթե ճգնաժամի ֆոնին ավանդատուները ցանկանան միաժամանակ դուրս բերել իրենց միջոցները։ Դրանց զանգվածային արտահոսքի հետեւանքով վարկային հաստատության փլուզումը կանխելու համար մասնագետներն առաջարկել են ավանդների ապահովագրում կառավարության կողմից։

Դայմոնդն առանձնացրել է բանկերի մեկ այլ սոցիալապես կարեւոր գործառույթ: Լինելով միջնորդներ ավանդատուների եւ վարկառուների միջեւ՝ բանկերն ավելի ճշգրիտ են գնահատում վարկառուների վարկունակությունը (վարկատուների հանդեպ իրենց պարտքային պարտավորություններն ամբողջությամբ եւ ժամանակին մարելու կարողությունը), ինչպես նաեւ կարող են ավելի շահավետ ներդրումներ ապահովել:

Իսկ Բեռնանկեն ուսումնասիրել է 1930-ականների Մեծ դեպրեսիան եւ եկել այն եզրակացության, որ բանկերի փլուզումը ճգնաժամի երկարաձգման հիմնական գործոնն էր։ Վարկառուների մասին տեղեկատվությունը կորցվել էր եւ այն հնարավոր չեր արագ վերականգնել: Այսպիսով, հասարակության՝ խնայողությունները շահութաբեր ներդնելու կարողությունը նվազել էր։
Դիտում՝ 7986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW