ԵԿԲ-ն կոչ է անում բանկերին չթերագնահատել ռիսկերը

08.10.2022 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #բանկեր #ռիսկեր
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) ուժեղացրել է ճնշումը բանկերի վրա՝ պահանջելով 2022 թվականի համար կրճատել պարգեւատրումներն ու շահաբաժինները՝ հաշվի առնելով մտավախությունները, որ տնտեսական վիճակը Եվրոպայում կվատթարանա։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

ԵԿԲ-ն մտավախություն ունի, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը կարող է հանգեցնել դեֆոլտների ալիքի, որը ծածկելու համար գումար կպահանջվի, նշում են Bloomberg-ի զրուցակիցները։ Նրանց խոսքով՝ կարգավորիչը դարձել է ավելի հաստատակամ, քանի որ այժմ որպես հավանական սցենար դիտարկում է Եվրոպայի տնտեսության սպասվածից ավելի կտրուկ դանդաղումը:

Միաժամանակ, ԵԿԲ-ն գտնում է, որ բանկերը կարող են թերագնահատել ռիսկերը։ Մասնավորապես, գործակալությունը մեջբերել է ԵԿԲ Դիտորդ խորհրդի նախագահ Անդրեա Էնրիայի խոսքերն այն մասին, որ Եվրոպան կանգնած է «կայուն եւ մասշտաբային շոկի» առջեւ, որը վերահսկիչ մարմիններից պահանջում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել:

Bloomberg-ը գրում է, որ մի շարք բանկեր, այդ թվում՝ UniCredit-ը, Commerzbank-ը եւ Deutsche Bank-ը, նախկինում տվել են վստահ տնտեսական կանխատեսումներ՝ չնայած Եվրոպայում ավելացող գնաճին եւ տոկոսադրույքների բարձրացմանը, որոնք ազդում են տնտեսական հեռանկարների վրա։ Բանկերը նշում էին, որ դժվար թե ստիպված լինեն վարկերի մասով զգալի պահուստներ ստեղծել՝ չնայած Եվրոպայում էներգակիրների թանկացմանը:

ԵԿԲ-ի ճնշումը երկընտրանք է ստեղծում բանկերի համար, քանի որ նրանք ակնկալում են զգալի շահույթ ստանալ տարվա արդյունքներով, իսկ դա բանկի աշխատակիցների եւ ներդրողների մոտ սովորաբար լավ պարգեւատրումների ու շահաբաժինների ակնկալիքներ է առաջացնում, նշել է Bloomberg-ը: Եթե վարկային հաստատությունները կրճատեն վճարումները, նրանք կարող են բախվել բաժնետերերի դժգոհությանը, հավելել է գործակալությունը։
Դիտում՝ 10116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW