Շվեյցարական Համագործակցության Գրասենյակը Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կազմակերպել էր «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը։Շվեյցարիան՝ Ավստրիայի եւ Գերմանիայի հետ համատեղ, մեկնարկել է ՄԱՎԵՏԱ նախածի հիմնական փուլը, որպեսզի աջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Ակնկալվում է, որ նախագիծը կնպաստի Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը եւ (ինքնա)զբաղվածության բարձրացմանը: Նախագիծը նպատակ ունի այնպես կազմակերպել երիտասարդների ուսուցումը, որ նրանց գիտելիքները, որպես վարձու մասնագետներ կամ ինքնազբաղվածներ, օգտակար լինեն իրենց հետագա մասնագիտական կարիերայի համար: Գործնական ուսուցումն ընկերություններում եւ ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի քոլեջներում սովորած ժամանակակից առաջավոր գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը / ընկույզի եւ մրգերի մշակումը։ Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: MAVETA նախագիծը ֆինանսավորվում է միջազգային եւ տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն եւ «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:Նախագիծն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) եւ Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի եւ Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: Tweet Դիտում՝ 17430