Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75%##:2008 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է 2.7 տոկոսային կետով` կազմելով 8.6%, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում: ԿԲ խորհուրդը հաստատեց, որ երրորդ եռամսյակում ներքին եւ արտաքին միջավայրի զարգացումները հիմնականում համահունչ են եղել տոկոսադրույքների նախորդ նիստի ժամանակ ներկայացված գնահատականներին, իսկ հոկտեմբերին արտաքին միջավայրի գնաճային ճնշումները, կրելով համաշխարհային պահանջարկի անկման ազդեցությունը, շարունակել են թուլանալ` արտահայտվելով պարենային եւ ոչ պարենային ապրանքների միջազգային գների հետագա նվազմամբ: Ընդ որում, արտաքին գնաճային ճնշումների թուլացման վերջին մի քանի ամիսներին նկատվող միտումները, թեեւ ոչ ամբողջությամբ, սկսել են արտահայտվել նաեւ ներքին շուկայում: ԿԲ խորհուրդը, հաշվի առնելով միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ապրանքային շուկաներում գների բարձր տատանողականությունը, ճգնաժամի տեւականության եւ դրա հետևանքների հաղթահարման ժամկետների անորոշությունները, ինչպես նաեւ ներքին շուկայում գնային ճշգրտումների դանդաղ ընթացքը, նպատակահարմար է գտնում պահպանել տոկոսադրույքների անփոփոխ մակարդակը: Tweet Դիտում՝ 5417