“Չափազանց կարեւոր է մանրամասն տեղեկատվությունը հաճախորդի ռեալ հնարավորությունների մասին”

02.11.2008 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Բլեսս” ՈւՎԿ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյանի հարցազրույցը## ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ Вanks.am պորտալին

- Կարելի է ենթադրել, որ “Բլեսսի” մուտքը շուկա պայմանավորված էր վարկային ծառայությունների նկատմամբ պահանջարկի կայուն աճով: Այնուամենայնիվ, միգուցե կային նաեւ այլ դրդապատճառներ, որոնք թույլ տվեցին ձեզ շուկա մտնել մրցակցային պայքարի ամենաթեժ պահին:

- “Բլեսսը” հիմնելու մասին որոշումն ընդունվեց 2007 թվականի սկզբին, նույն տարվա ապրիլին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց: Իրոք, այդ ժամանակաշրջանը համընկավ մրցակցային միտումների աճի հետ, որոնք նախեւառաջ պայմանավորված էին նոր մասնակիցների մուտքով: Սակայն մեր կազմակերպության նախաձեռնող խմբի` բանկային հատվածում աշխատանքային մեծ փորձ ունեցող ներկայացուցիչների, վարկային ծառայությունների շուկայի նախնական ուսումնասիրությունը մեզ թույլ տվեց հստակ կողմնորոշվել վերջնական որոշում ընդունելիս:

Ըստ մեր գնահատականի` շուկան դեռեւս բաց է նոր կազմակերպությունների համար` ի նկատի ունենալով տարբեր վարկային ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկը եւ, ինչը պակաս կարեւոր չէ, վարկավորման գործընթացի սպասարկման որակի բարձրացման նկատմամբ օբյեկտիվ պահանջարկը: Այդ իմաստով մենք հիմնական շեշտը դրել ենք վարկավորման մասին որոշումներ ընդունելու գործընթացի օպերատիվության եւ հաճախորդների սպասարկման որակի վրա:

Արդեն աշխատանքի նախնական փուլում մենք համոզվեցինք, որ մեր մոտեցումներն արդարացված են. կարճ ժամանակահատվածում մեր հաճախորդային բազան համալրեցին խոշոր փոխառուներ, ովքեր նախկինում օգտվում էին այս կամ այն բանկերի ու վարկային կազմակերպությունների ծառայություններից:

- Ի՞նչ ծավալի վարկային ներդրումներ են կատարվել հիմնադրման օրվանից եւ ապրանքատեսակներից որի՞ նկատմամբ է ամենամեծ պահանջարկը: Վարկային ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճ նկատվու՞մ է:

- Այսօրվա դրությամբ կազմակերպության վարկային ներդրումները կազմում են շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, որի մոտ 70 տոկոսը կազմում են բիզնես վարկերը, մնացած 30 տոկոսը բաժին է ընկնում սպառողական վարկավորմանը: Այս տարի մենք ակտիվ աշխատանք ենք կատարել նաեւ երաշխիքների տրամադրման մասով: Մասնավորապես, շինարարության եւ ծառայությունների ոլորտներում գործող կազմակերպություններին տրամադրվել է ավելի քան 3 մլրդ դրամի երաշխիք:

Իհարկե, մենք արձանագրում ենք վարկային ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի աճ եւ կարծում ենք, որ վարկավորման շուկան դեռեւս չի հասել այնպիսի մակարդակի, երբ առաջարկը կարող է գերազանցել կամ մոտենալ պահանջարկի մակարդակին: Այդ պայմաններում ավելի սուր է դրվում ռիսկերի կառավարման ու գնահատման հարցը:

Այսօր առկա է պոտենցիալ փոխառուների բավականաչափ լայն լսարան, որոնք, ստվերում գտնվելով, կարող են որոշակի խնդիրներ հարուցել վարկավորման գործընթացում: Մեր պայմաններում փոխառուի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ունենալ պաշտոնական եւ “ոչ պաշտոնական” կողմեր, ինչպես նաեւ բացառված չէ հնարավորությունը, երբ վարկը ձեւակերպվում է մի փոխառուի անունով եւ օգտագործվում այլ անձի կողմից: Այդ կապակցությամբ հատկապես կարեւոր է փոխառուի մասին հավաստի տեղեկությունների եւ վարկերի օգտագործման նպատակների պարզումը:

- Ներկայացրեք “Բլեսսի” մոտեցումները բիզնես վարկավորման նկատմամբ. կա՞ն արդյոք ոլորտային առաջնահերթություններ, փոխառուների ո՞ր անվանակարգերն եք շեշտադրում: “Զրոյից” բիզնես հիմնելու համար վարկեր տրամադրու՞մ եք:

- “Բլեսսի” հիմնական թիրախային լսարանը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն են: Մեր գնահատակաների համաձայն` վարկային միջոցների ներգրավման գործընթացում փոխառուների հենց այդ անվանակարգն է ավելի հաճախ հանդիպում տարբեր խոչընդոտների, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրական աջակցություն:

Վարկային հայտերի քննարկման գործընթացում մենք ինչ-որ հատուկ ոլորտային առաջնահերթություններով չենք առաջնորդվում` միաժամանակ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ կան ռիսկայնության համեմատաբար բարձր մակարդակ ունեցող ոլորտներ: Ամեն դեպքում, մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հավանական փոխառուի նկատմամբ:

Մենք չենք բացառում նոր բիզնես հիմնելու համար վարկային միջոցներ տրամադրելու հնարավորությունը: Սակայն այդ դեպքում մեզ համար չափազանց կարեւոր է կոնկրետ հաճախորդի իրական հնարավորությունների մասին մանրամասն տեղեկատվությունը. նրա սեփական ներդրումները, մարքեթինգային հմտությունները, գործարար կապերը եւ այլն:

- Ի՞նչ նպատակներով կարելի է օգտագործել ձեր տրամադրած սպառողական վարկերը:

- Նախեւառաջ կցանկանայի նշել, որ այսօր Հայաստանում սպառողական վարկավորման մասին ըմբռնումը մի փոքր աղավաղված է: Շատերին թվում է, որ միայն գրավի առկայությունը բավարար է տվյալ վարկային ապրանքը ձեռք բերելու համար, իսկ թե ինչ նպատակով են օգտագործվելու վարկային միջոցները, դա փոխառուի անձնական գործն է: Այդ տրամաբանությանը հետեւելու դեպքում ստացվում է, որ կարելի է սպառողական վարկ ձեւակերպել, իսկ ստացած միջոցներն օգտագործել, օրինակ, ձեռնարկատիրական նպատակներով:

Հենց այդ պատճառով նպատակի պարզումը որոշում ընդունելու ընթացում շատ կարեւոր բաղադրիչ է: Եթե անվիճելի հիմնավորումներ կան, որ ստացված միջոցներն օգտագործվելու են փոխառուի, կամ ընտանիքի անդամների անձնական կարիքների համար, իսկ նրա եկամուտները եւ առաջարկվող գրավը համապատասխանում են սահմանված նշակետին, ապա հաճախորդը կարող է հավակնել տվյալ վարկային ապրանքը ստանալուն:

Ստացված վարկային միջոցները փոխառուն կարող է օգտագործել անձնական գույք ձեռք բերելու նպատակով կամ ուղղել անձնական բնույթի այս կամ այն կարիքի ապահովմանը:

- Ինչպե՞ս է լուծվում վարկային միջոցների լրացման հարցը եւ քննարկվու՞մ է արդյոք լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման հեռանկարը:

- Այսօր մեր միջոցները լրացվում են “Բլեսս” ՈՒՎԿ-ի հիմնադիրների ներդրումների եւ փողկապակցված իրավաբանական անձանց հաշվին: Միաժամանակ, մենք ծրագրում ենք որոշ քայլեր ձեռնարկել լրացուցիչ միջոցներ ներգրավելու ուղղությամբ այն իրավասությունների շրջանակներում, որոնք ամրագրված են նորմատիվ-իրավական բազայով:

Վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք վարկային կազմակերպություններին թույլ են տալիս ֆիզիկական անձանցից ֆինանսական միջոցներ ներգրավել արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման միջոցով, լրացուցիչ հնարավորություն են ստեղծում ներքին շուկայից միջոցներ ներգրավելու համար:

- Նախատեսու՞մ եք մասնաճյուղային ցանց հիմնել:

- Դեռ ոչ, սակայն մենք ակտիվորեն աշխատում ենք Հայաստանի ու ԼՂՀ շրջաններում եւ ողջունում ենք այնտեղից ստացված հայտերը: Այսօր մեր վարկային փաթեթի զգալի մասը տեղաբաշխված է մարզերում, եւ կարծում եմ, որ մարզերում մեր ներկայության աճին զուգահեռ մասնաճյուղեր գործարկելու օբյեկտիվ անհրաժեշտություն կառաջանա:

- Վերջերս Վարկային կազմակերպությունների միություն ստեղծելու մասին հայտարարություն արվեց. ինչո՞վ է պայմանավորված այդ կառույցի ստեղծման անհրաժեշտությունը` Հայաստանի բանկերի միության առկայության պայմաններում:

- Բանկերն ու վարկային կազմակերպությունները լայն իմաստով աշխատում են վարկավորման շուկայում, սակայն կան նաեւ յուրահատուկ հարցեր: Միություն հիմնելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների ընթացքում, որոնց մասնակցում էին նաեւ “Բլեսսի” ներկայացուցիչները, քննարկվել է նաեւ Հայաստանի բանկերի միության շրջանակներում համատեղ գործունեության հեռանկարը:

Սակայն արդյունքնում որոշվեց, որ լինելով առանձին կառույց` Վարկային կազմակերպությունների միությունը կարող է ավելի արդյունավետ լուծել յուրահատուկ հարցերը` առաջին հերթին միկրովարկավորման ոլորտում:

Կարծում եմ, որ վարկային կազմակերպությունների անդամակցության ընդլայնմանը եւ գործունեության առաջնահերթության կոնկրետացմանը զուգահեռ` նորաստեղծ միությունն իսկապես կնպաստի մի շարք հարցերի լուծմանը, որոնք գտնվում են վարկային կազմակերպությունների գործունեության դաշտում: Մենք եւս ծրագրում ենք անդամություն ձեւակերպել այդ կազմակեպությունում:

- Դուք դիտարկու՞մ եք վարկային տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը որպես նախազգուշական միջոցառում` երկրի ֆինանսական շուկայի վրա համաշխարհային ճգնաժամի հնարավոր ազդեցության պայմաններում:

- Մենք հետեւում ենք զարգացումներին եւ կարծում ենք, որ դրանք երկրի տնտեսության վրա այնպիսի ազդեցություն չեն գործել, որ ստիպեին մեզ վերանայել վարկավորման պայմանները: Եթե տոկոսադրույքների բարձրացումը կամ վարկավորման ժամկետների կրճատումն ինքնանպատակ դառնա, դա, առաջին հերթին, կանդրադառնա տրվող վարկերի որակին. մենք գործ կունենանք խնդրահարույց, ժամկետանց վարկերի հետ:

Միաժամանակ հարկ է նշել, որ շուկայի մասնանկիցները սկսել են ավելի զուսպ քաղաքականություն վարել, եւ չի բացառվում, որ ոմանք կարող են բարձրացնել վարկային տոկոսադրույքները, սակայն այդ գործընթացը տեղային բնույթ կկրի:

Դիտում՝ 7539
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai