Ernst & Young-ի (EY) ղեկավարությունը պատրաստ է հաստատել ընկերության տարանջատումը երկու անկախ կառույցի։«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Մասնավորապես, ընկերությունը մտադիր է իր բիզնեսը տարանջատել աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների: Ընկերության գործադիր կոմիտեն պետք է հաստատի տարանջատման ծրագիրը արդեն այս շաբաթ, հայտնում են թերթի աղբյուրները: Դրանից հետո տեղի կունենա Ernst & Young-ի գործընկերների քվեարկությունը, որոնք շուրջ 13 հազարն են ամբողջ աշխարհում։ Բուն տարանջատումը կարող է տեղի ունենալ 2023 թվականի վերջին, գրում է թերթը։EY-ում հայտարարել են, որ ղեկավարությունը դեռ քննարկում է ընկերության ապագան, եւ «այս պահին հաջորդ փուլ անցնելու որոշում չի կայացվել»։ EY-ն ընդգրկված է աշխարհի խորհրդատվական ընկերությունների «Մեծ քառյակում»: Ընկերության տարանջատումը երկու անկախ կառույցի կլինի ամենամեծ փոփոխությունն այս շուկայում վերջին 20 տարվա ընթացքում, նշում են WSJ-ի աղբյուրները։ EY-ի հնարավոր տարանջատման մասին առաջին հաղորդումները հայտնվել էին մի քանի ամիս առաջ։ Դրանից հետո խորհրդատվության ոլորտում մեկ այլ համաշխարհային հսկա՝ Deloitte-ը, խորհրդակցություններ էր անցկացրել բանկային կառույցների հետ՝ որոշելու, թե արդյոք ընկերությունը նույնպես պետք է գնա բիզնեսի տարանջատման: Սակայն, ի վերջո, Deloitte-ի ղեկավարությունը հրաժարվել էր այս գաղափարից։ KPMG-ն եւ PriceWaterhouseCoopers-ը նույնպես հայտարարել են, որ կողմնակից են խորհրդատվական եւ աուդիտորական բիզնեսների միասնական կառուցվածքի։ Tweet Դիտում՝ 5925