ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը նշել է, որ միասին կհաղթահարեն իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում երկու երկրների տնտեսությունների, համագործակցության համար:Կառավարության լրատվական ծառայությունից հայտնել են, որ հանդիպումը կայացել է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:Իր հերթին Միխայիլ Միշուստինը նշել է, որ հայ գործընկերների հետ համատեղ ընդունվում են օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են առեւտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում: «Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առեւտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է $1 մլրդ 600 մլն: Սա ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առեւտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է $2 մլրդ: Մենք ցանկանում ենք արագացնել աշխատանքն առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ` եւ տրանսպորտի, եւ արդյունաբերության, եւ էներգետիկայի ոլորտներում: Կարեւոր է հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար` փոքր եւ միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով»,- ասել է Միշուստինը: Նա նշել է նաեւ, որ մեծ աշխատանք է կատարվում երկկողմ առեւտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ: «Վստահ եմ` դա կնպաստի մեր առեւտրաշրջանառության աճին, ինչպես նաեւ վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարեւոր է: Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության»,- ասել է ՌԴ վարչապետը: Tweet Դիտում՝ 3198