«Լույս». 2022-ի 1-ին կիսամյակում բյուջեի կատարումը 205 մլրդ դրամով շեղվել է պլանից
19.08.2022 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Լույս» հիմնադրամ

Վերլուծության մեջ, մասնավորապես, ասված է.
• 2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից:
Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է: Թերակատարման չափն էականորեն մեծացել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, որի պատճառներից է նաեւ այն, որ նախօրոք պլանավորվել էին անիրատեսական ցուցանիշներ: Այսպես, կապիտալ ծախսերի գծով ճշտված պլանով նախատեսված գումարը 2022-ի համար կազմում է շուրջ 365.2 մլրդ դրամ, ինչը շուրջ 148.9 մլրդ դրամով կամ 68.8%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Սակայն առաջին կիսամյակի փաստացի ցուցանիշներից եւ 40․7% թերակատարման չափից ակնհայտ է, որ նման բարձր ցուցանիշներ հնարավոր չի լինի ապահովել: Ընդ որում, հիշենք, որ 2022թ. բյուջեի քննարկման եւ ընդունման փուլում կառավարությունը որպես հիմնական ձեռքբերում էր նշում աննախադեպ չափով կապիտալ ծախսերի պլանավորումը: Ստացվում է, որ ծախսերի իրականացման կարողությունը մնացել է նույն մակարդակում, կառավարությունն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի արել, պարզապես, ներկայացնելու համար, ի սկզբանե բյուջեում արտացոլել է անիրատեսական ցուցանիշներ:
• 2022թ. առաջին կիսամյակում հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է խիստ զսպող՝ հիմնականում ծախսերի թերակատարման հետեւանքով:
Թեեւ ներկա իրավիճակում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումն արդարացված է, դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին, քանի որ վերջինիս թերակատարումը վնասում է տնտեսության ներուժը: Ներկայում ներքին պահանջարկի աճի պայմաններում կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի տնտեսության առաջարկի հատվածը խթանելու համար, որի իրականացման լավագույն գործիքներից մեկը հենց կապիտալ ծախսերն են:
• Ռուս-ուկրաինական հակամարտության սրման եւ դրանից ածանցվող գործոնների՝ ՀՀ տնտեսության վրա ունեցած ազդեցությունների մասով որեւէ գործողություն չի իրականացվում:
Ներկա արտաքին շոկը տնտեսության վրա ասիմետրիկ ազդեցություն է ունենում, այսինքն՝ որոշ ոլորտներում խիստ դրական զարգացումներ են արձանագրվում (օրինակ՝ ծառայություններ եւ առեւտուր), իսկ որոշ ոլորտներում առաջանում են խնդիրներ՝ փոխարժեքի արժեւորմամբ պայմանավորված (ՏՏ, շինարարություն, դեպի ԵՄ արտահանողներ): Այս պայմաններում կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ դրական զարգացումներ ունեցող ոլորտներն առավել արդյունավետ հարկելու եւ տուժող ոլորտներին թիրախային աջակցություն տրամադրելու ուղղությամբ, որը, սակայն, չի անում:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտոնական կայքում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: