Արեւմտյան խոշոր բանկերը սկսել են զգուշորեն վերադառնալ ռուսաստանյան կորպորատիվ եւ պետական պարտատոմսերի շուկա՝ օգնելով ներդրողներին «ազատվել Արեւմուտքում թունավոր համարվող ակտիվներից»:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները եւ իր տրամադրության տակ եղած բանկային փաստաթղթերը։Ըստ գործակալության տվյալների՝ ռուսաստանյան արժեթղթերով գործարքներ իրականացնելիս հաճախորդներին օգնություն են տրամադրում JPMorgan-ը, Bank of America-ն, Citigroup-ը, Deutsche Bank-ը, Barclays-ը, Jefferies-ը:Նշվում է, որ բանկերի մի մասը հաճախորդներին օգնություն է առաջարկում բացառապես ռուսաստանյան արժեթղթերի վաճառքի հարցում, մի մասն էլ առաջարկում է նաեւ այլ տեսակի գործարքներ, որոնք կօգնեն նվազեցնել ռուսաստանյան ակտիվների մասնաբաժինը: Որոշ դեպքերում բանկերը խնդրում են ներդրողներին գործարքից առաջ ստորագրել փաստաթղթեր՝ թույլ տալով բանկին չեղարկել գործարքը, եթե հաշվարկը չկայանա, ինչպես նաեւ ռիսկի առկայության դեպքում, որ բանկի հաշիվներում կմնան ռուսաստանյան արժեթղթերը:Bank of America-ն հաճախորդների համար տեղեկագրում գրել է, որ վերջիններին աջակցության հարցում հանդես կգա ռիսկը բացառելու դիրքերից, այն է՝ կգնի պարտատոմսերը եւ անմիջապես կվերավաճառի դրանք: Բանկերից մեկն էլ իր փաստաթղթերում զգուշացրել է հաճախորդներին, որ հաշվարկները սովորականից ավելի երկար կտեւեն։Մինչեւ փետրվարի 24-ը շրջանառության մեջ էր մոտ $40 միլիարդի ռուսաստանյան սուվերեն պարտատոմսեր, որոնց մոտ կեսը պատկանում էր արտասահմանյան ֆոնդերին։ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո ռուսաստանյան ակտիվներում ներդրողները հայտնվեցին բարդ իրավիճակում՝ արժեթղթերի արժեքը կտրուկ նվազեց, գնորդները վերացան, իսկ պատժամիջոցները բարդացրին առեւտուրը, գրում է Reuters-ը։Հունիսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արգելել էր ամերիկյան ներդրողներին գնել ռուսաստանյան պարտքային պարտավորությունները կամ բաժնետոմսերը երկրորդային շուկաներում, որից հետո ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բանկերի մեծ մասը հեռացել է ռուսաստանյան պարտքային շուկայից, նշում է գործակալությունը:Հուլիսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիաներ է թողարկել, որոնք ժամանակավորապես թույլ են տալիս բանկերին իրականացնել այնպիսի գործարքներ, որոնք ռուսաստանյան արժեթղթերի ամերիկացի սեփականատերերին թույլ կտան կրճատել իրենց մասնակցությունը: Դրանից հետո խոշորագույն բանկերը սկսել են զգուշորեն վերադառնալ շուկա, գրում է Reuters-ը։Հուլիսի վերջից վերսկսված առեւտրային ակտիվության ֆոնին ռուսաստանյան որոշ պարտատոմսերի գներն աճել են, նշում է Reuters-ը։ Ով է գնել նման արժեթղթեր, գործակալությունը չի կարողացել պարզել։ Tweet Դիտում՝ 7263