Թուրքիայի ԱԳՆ անանուն բարձրաստիճան աղբյուրը «Անադոլու» գործակալության հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ ուղիղ առեւտուրը կարող է փոխշահավետ լինել։Նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը ներկայումս կազմում է տարեկան մոտ $230 միլիոն։ Վրաստանի տարածքով երկու երկրի միջեւ տարեկան անցնում է ապրանքներով բեռնված միջինում 15 հազար բեռնատար։«Թուրքիայի տեսանկյունից Հայաստանի հետ առեւտրի ներկայիս ցուցանիշը համեմատաբար փոքր է, սակայն իրականում խոսքը միլիոնավոր բնակչություն ունեցող երկրի (Հայաստանի) շուկայի մասին է։ Եթե կողմերը կարողանան ապահովել բավարար ճկունություն եւ հարաբերությունները հասցնեն դրական կետի, ապա իրավիճակը կհամապատասխանի եւ՛ Թուրքիայի, եւ՛ Հայաստանի շահերին»,- վստահ է աղբյուրը։Աղբյուրն ընդգծել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ վստահության բարձրացմանն ուղղված քայլերի կարեւորությունը։Նա նշել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման գործընթացն աստիճանաբար առաջ մղելու ուղղությամբ։ «Ներկա իրավիճակը չի արդարացնում հայ-թուրքական հարաբերությունների սպասելիքները։ Քայլեր են անհրաժեշտ ավելի դրական պատկեր ձեւավորելու համար»,- ասել է նա։Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հուլիսի 1-ին տեղի ունեցած հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ փոխըմբռնում է ձեռք բերվել երկու կոնկրետ նախաձեռնության շուրջ։«Խոսքը գնում է ոչ թե ինչ-որ արձանագրության ստորագրման, այլ Անկարայի եւ Երեւանի միջեւ վստահության բարձրացմանն ուղղված առաջիկա քայլերի մասին։ Հարցը կողմերի ցանկությունն է՝ վերացնել հավանական հիասթափությունը՝ կապված մարտահրավերների հետ, որոնք կարող են առաջանալ գործընթացի ընթացքում»,- ասել է աղբյուրը։Նրա խոսքով՝ այդ «կոնկրետ քայլերից» մեկը երկրների միջեւ օդային բեռնափոխադրումների մեկնարկն է։ «Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնական կառույցները քննարկում են համատեղ քայլերի տեխնիկական մանրամասները։ Շատ դեպքերում անհրաժեշտ է փորձագետների ներգրավում, բացթողումներ են հայտնաբերվում, փաստաթղթեր են քննարկվում։ Հուսով ենք՝ երկու երկրների կառույցների ներկայացուցիչները սեպտեմբերից ոչ ուշ հանդիպում կանցկացնեն, ինչը կարագացնի պայմանավորվածությունների իրականացումը»,- նշել է նա։Անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հուլիսի 1-ի որոշմանը՝ աղբյուրը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է երկու սահմանային անցակետ՝ «Ալիջան» եւ «Աքյաքա», որտեղ կայացել է նիստ այս գործընթացի իրականացման թեմայով։«Պարզ է դարձել, որ իրողություններն ամբողջովին այլ են, քան նախկինում ենթադրվում էր։ Պետք է աշխատանքներ տարվեն, այդ թվում՝ հայկական կողմից։ «Ալիջան» անցակետի տարածքում կա 178 մետր երկարությամբ կամուրջ, որը կառուցվել է դեռ անցյալ դարի 40-ականներին։ Դեռ չգիտենք՝ արդյոք անվտանգ է թույլ տալ ավտոբուսներին անցնել այս կամրջով»,- ասել է աղբյուրը:«Հայկական կողմից մարդիկ սկսել են իրենց տները վերածել բուտիկ-հյուրանոցների։ Այսինքն՝ Հայաստանում լուրջ ակնկալիքներ կան սահմանի բացումից։ Կարեւոր է այս հարցում խուսափել հիասթափությունից»,- հավելել է նա:Միաժամանակ, աղբյուրը նշել է, որ Անկարայի համար կարեւոր է ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի կամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ «Իսկական նպատակը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունն է»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 235088