ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ստորագրել է օրենք, համաձայն որի կիսահաղորդիչների արտադրության եւ հետազոտության համար կհատկացվեն $52,7 միլիարդի սուբսիդիաներ։ Օրենքը պետք է ԱՄՆ-ին ավելի մրցունակ դարձնի այս ոլորտում Չինաստանի հետ համեմատ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը։«Ապագան կստեղծվի Ամերիկայում»,- ասել է Բայդենն օրենքի ստորագրման արարողության ժամանակ, որին մասնակցել են Micron, Intel, Lockheed Martin, HP եւ Advanced Micro Devices ընկերությունների ղեկավարները:«Ամերիկան է ստեղծել կիսահաղորդիչը, սակայն այսօր արտադրում է համաշխարհային մատակարարումների մոտ 10%-ը, եւ այստեղ չկան ամենաառաջադեմ չիպերը: Փոխարենը մենք ապավինում ենք Արեւելյան Ասիային, որին բաժին է ընկնում համաշխարհային արտադրության 75%-ը։ Չիպերի եւ գիտության մասին օրենքը լրացուցիչ հարյուր միլիարդավոր դոլարներ կբերի մասնավոր ներդրումների համար կիսահաղորդիչների ոլորտում ամբողջ երկրում, ներառյալ՝ արտադրությունում, որն անհրաժեշտ է ազգային պաշտպանության եւ կրիտիկական հատվածների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:Օրինագծի ընդունմանը զուգահեռ Micron-ը հայտարարել է միկրոսխեմաների արտադրության ոլորտում $40 միլիարդի ներդրումների մասին, որոնք կստեղծեն մինչեւ 40 հազար նոր աշխատատեղ ԱՄՆ-ում:***ԱՄՆ-ում կիսահաղորդիչների արտադրության զարգացմանն աջակցություն տրամադրելու մասին օրենքը կխաթարի կիսահաղորդիչների մատակարարումների համաշխարհային շղթաները եւ կհանգեցնի անկանոնություն միջազգային առեւտրում, Չինաստանը կտրականապես դեմ է դրան:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։«Օրենքի դրույթների համաձայն՝ այն ուղղված է ամերիկյան գիտատեխնիկական ոլորտի եւ չիպերի արդյունաբերության մրցունակության բարձրացմանը։ Այնուամենայնիվ, այն ենթադրում է հսկայական սուբսիդիաների հատկացում ամերիկյան չիպեր արտադրողներին, առաջ է մղում արդյունաբերությանն աջակցելու տարբերակված քաղաքականությունը»,- ասել է դիվանագետը։Նա նաեւ նշել է, որ «օրենքի որոշ դրույթներ սահմանափակում են Չինաստանում համապատասխան ձեռնարկությունների ներդրումային եւ առեւտրատնտեսական գործունեությունը, ինչպես նաեւ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բնականոն գիտատեխնիկական համագործակցությունը»:Դիվանագետը նաեւ նշել է, որ այն, «թե ինչպես է զարգանում ԱՄՆ-ն, դա իր գործն է, սակայն այդ զարգացումը պետք է համապատասխանի Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, պահպանի թափանցիկություն եւ խտրականության բացակայություն, ինչպես նաեւ աջակցի արտադրական եւ մատակարարման համաշխարհային շղթաների անվտանգությանն ու կայունությանը»: Tweet Դիտում՝ 12110