Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հարկ վճարողներին հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին:«Բազմաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները ներկայացնում են շահութահարկի հաշվարկ առանց որեւէ թվային ցուցանիշների, սխալ են հայտարարագրում հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկված շահութահարկի գումարները կամ չեն ներկայացնում հաշվարկ: Լինում են դեպքեր, երբ ներկայացված հաշվարկները որեւէ աղերս չունեն հարկ վճարողի ամբողջ տարվա ընթացքում հայտարարագրած ցուցանիշների հետ:Հարկ վճարողների կողմից 2021թ.-ի ընթացքում շահութահարկով հարկման բազա համարվող ցուցանիշների պարագայում հարկ վճարողները չեն ներկայացրել հաշվարկներ կամ ներկայացրել են, այսպես կոչված, 0-ական հաշվարկներ, որպեսզի խուսափեն սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար օրենքով նախատեսված տուգանքներից:Հարկ վճարողները շահութահարկի հաշվարկները լրացնելիս հաճախ են թույլ տալիս տեխնիկական վրիպակներ, որոնց պատճառով սխալ են հաշվարկվում շահութահարկի գումարները: Տեխնիկական վրիպակներից առավել տարածված են այն դեպքերը, երբ, օրինակ, հարկվող շահույթ հայտարարագրելու պայմաններում տնտեսվարողները չեն հայտարարագրում դրան համապատասխան շահութահարկի գումարը: Նման դեպքերի ծանուցման եւ ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ:Շահութահարկի տարեկան հաշվարկներում ցանկացած անհամապատասխանություն կամ շեղում հայտնաբերելու դեպքում կոմիտեն սեղմ ժամկետում ծանուցում է հարկ վճարողներին՝ առաջարկելով ինքնուրույն շտկել սխալները: Կոմիտեն հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին եւ ուղղել թերացումները՝ լինեն դրանք ակնհայտ թույլ տրված սխալներ, թե տեխնիկական վրիպակներ: Հակառակ պարագայում՝ պակաս հայտարարագրված հարկերի մասով կկիրառվեն տուգանքներ, իսկ ավելի ուշ ժամկետում ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում կհաշվարկվեն տույժեր»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3916