«Առաջիկա 5-10 տարում ԱՄՆ դոլարը կպահպանի իր գերակայությունը»

04.08.2022 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Իցխոկի
Համաշխարհային տնտեսությունը կարող է հայտնվել կառուցվածքային բեկման եզրին, ինչի պատճառով այն կդառնա ամբողջությամբ մասնատված եւ կսկսվի «նոր տեսակի սառը պատերազմ»:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ծնունդով Մոսկվայից Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Օլեգ Իցխոկին: 2022 թվականի ապրիլին նա ստացել է տնտեսագիտության ոլորտում հեղինակավոր մրցանակ՝ Ջոն Բեյթս Քլարքի մեդալը։

Իցխոկիի կարծիքով՝ ապագայում համաշխարհային տնտեսության համար գլխավոր ռիսկերից մեկը Չինաստանի հնարավոր աջակցությունն է Ռուսաստանին ԱՄՆ-ի հետ առճակատման հարցում։ Դա ավելի մասշտաբային հետեւանքներ կունենա, քան լոկալ ֆոնդային շուկայի ցանկացած անկումը, հնարավոր ռեցեսիան կամ բարձր գնաճը:

«Դա շատ թանկ կարժենա եւ՛ արեւմտյան աշխարհին, եւ՛ Չինաստանին»,- կարծում է տնտեսագետը։ Իցխոկին զգուշացրել է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի անցումը սառը պատերազմի ռեժիմին եւ զուգահեռ տնտեսական ու ֆինանսական համակարգերի ստեղծումը կդառնան ինտեգրման վերջը եւ համաշխարհային տնտեսության մասնատման սկիզբը։

Փորձագետը նշել է, որ դոլարի՝ որպես աշխարհի գլխավոր պահուստային արժույթի կարգավիճակին մոտ ապագայում, դժվար թե, ինչ-որ բան սպառնա. պատմության փորձը ցույց է տալիս, որ պահուստային նոր արժույթի ստեղծումը շատ երկար ժամանակ է պահանջում։

«Թեեւ Չինաստանն ունի առեւտրի եւ առեւտրաշրջանառության զգալի ծավալներ, այդ երկրի ֆինանսական համակարգն այնքան զարգացած չէ, որքան հարուստ երկրներինը: Նույնիսկ եթե աշխարհում տարբեր հայտնի արժույթներ լինեն, շատ հավանական է, որ դոլարը կպահպանի իր գերակայությունը, եւ իրավիճակը, դժվար թե, փոխվի առաջիկա 5-10 տարում։ Իսկ 10-20 տարվա հորիզոնում որոշակի փոփոխություններ հնարավոր են»,- կանխատեսել է Իցխոկին

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքները համաշխարհային տնտեսության համար ավելի քիչ էական էին, քան ենթադրվում էր սկզբում։ «Գնաճը որպես հիմնական մտահոգություն ունենալը ամենավատ արդյունքը չէ»,- ասել է Իցխոկին:

Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, չնայած տարածաշրջանային հակամարտություն է, շատ ավելի անորոշություն է պարունակում, իսկ լայնամասշտաբ հակամարտության կամ նույնիսկ միջուկային պատերազմի հավանականությունն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականից ի վեր (Կարիբյան ճգնաժամ):
Դիտում՝ 7700
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW