ՌԴ ԿԲ-ն՝ պատժամիջոցների պայմաններում ֆինանսական շուկայի զարգացման մասին

04.08.2022 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #զեկույց
Ռուսաստանի բանկը (ԿԲ) հրապարակել է զեկույց՝ նվիրված պատժամիջոցների պայմաններում ֆինանսական շուկայի զարգացմանը։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հիմնական առաջնահերթությունների շարքում կարգավորիչը նշում է ֆինանսական հաստատությունների կայունության վերականգնումը եւ դրանց մասնակցությունը տնտեսության կառուցվածքային փոխակերպմանը։

Կենտրոնական բանկը նշում է, որ պատժամիջոցների պատճառով ռուսաստանյան ակտիվների արգելափակումն ԱՄՆ դոլարն ու եվրոն օգտագործելիս ռիսկեր է ստեղծում քաղաքացիների եւ բիզնեսի համար։ Նման պայմաններում կարգավորիչը մտադիր է արագացնել ապաարժութավորման գործընթացը եւ լրացուցիչ միջոցներ կներդնի դոլարով եւ եվրոյով բանկերի գործարքները նվազեցնելու համար։ Ոչ ֆինանսական կազմակերպություններին առաջարկվում է դոլարը եւ եվրոն փոխարկել յուանի եւ այլ բարեկամական արժույթների:

Ռուսաստանի Բանկը դիտարկում է ռուսաստանյան ռեզիդենտների արգելափակված ակտիվների եւ ոչ բարեկամական երկրների ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների հետ աշխատելու տարբեր մոտեցումներ, սակայն որպես լուծում չի համարում ֆինանսական հաստատություններից արգելափակված ակտիվների գնումը, քանի որ դա հղի է մասշտաբային դրամական էմիսիայով:

Կարգավորիչը նախատեսում է արտարժութային վարկերի եւ արժեթղթերի համար ռիսկի գործակիցների հավելավճարների գործող համակարգը համալրել նոր հավելավճարներով, ներառյալ՝ տարբերակվածները՝ հաշվի առնելով արժույթի թողարկողը՝ ոչ բարեկամ պետությունները կամ երկրները, որոնք չեն դասվում ոչ բարեկամական պետությունների շարքին: Կենտրոնական բանկը կգնահատի նաեւ «թունավոր» արժույթներով բանկերի պարտավորությունների մասով պարտադիր պահուստների ավելացված նորմերի սահմանման նպատակահարմարությունը։

«Արժութային ռիսկը նվազեցնելու համար բանկերի կողմից «թունավոր» արժույթներից աստիճանաբար հրաժարումը պետք է կատարվի հավասարաչափ՝ հաշվեկշիռների երկու կողմում: Կարգավորիչ միջոցները, որոնք չեն խթանի ոչ բարեկամական երկրների արժույթների օգտագործումը, կարող են կիրառվել նաեւ ոչ բանկային ֆինանսական հաստատությունների նկատմամբ»,- նշել են զեկույցի հեղինակները։

Ռուսաստանի Բանկը մտադիր է նպաստել իրավական եւ գործառնական մեխանիզմների զարգացմանը, որոնք նպաստում են բանկային հատվածում վարկային ռիսկի ավելի հավասարաչափ բաշխմանը: Առաջնահերթ ներդրումային նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորման համար առաջին հերթին պետք է օգտագործվեն պետական բյուջեի միջոցները, ասված է փաստաթղթում։

Կենտրոնական բանկն ընդգծում է անդրսահմանային հաշվարկներում ազգային արժույթների, այդ թվում՝ ռուսական ռուբլու օգտագործմանն անցնելու պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ «Հաշվի առնելով, որ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման հնարավորությունները կախված են իրացվելի արժութային եւ դրամական շուկաների առկայությունից, Ռուսաստանի Բանկը պատրաստ է դիտարկել իր մասնակցության մեխանիզմները սկզբնական փուլերում արժութային շուկայում ազգային արժույթներով առեւտրի սեգմենտները գործարկելիս՝ աջակցելու համար իրացվելիությանը», - նշել են ՌԴ ԿԲ-ում։
Դիտում՝ 6456
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW