Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է iCON Communications## նոր ինտերնետ պրովայդերի շնորհանդեսը, որը անլար լայնաշերտ արագ ինտերնետ է տրամադրում WiMAX տեխնոլոգիայով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, iCON Communications-ի գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը շնորհանդեսին ասել է, որ “շուտով WiMAX տեխնոլոգիայի հիման վրա Հայաստանն ունենալու է արագ, հուսալի եւ հասանելի ինտերնետ”:Ադամ Կաբլանյանի խոսքերով, ընկերությունը Հայաստանում արդեն ներդրել է $4 մլն եւ նախատեսում է իր գործունեության առաջին տարում ներգրավել 10 հազար հաճախորդների: Ադամ Կաբլանյանն ասել է, որ այսօր Հայաստանում ինտերնետն անորակ է, դժվար հասանելի եւ թանկ` նշելով, որ iCON Communications-ը էականորեն կմեծացնի հայաստանյան ինտերնետային կապի հասանելիությունն ու որակը եւ կկրճատի ցանցին միանալու ժամանակը մինչեւ մի քանի ժամ: “Մեր նպատակն է առաջատար դառնալ հայաստանյան շուկայում լայնաշերտ ինտերնետ, վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN), ինչպես նաեւ ՏՏ-հեռախոսակապ (VoIP) տրամադրելու ոլորտներում”,- ասել է Ադամ Կաբլանյանը: Որպես շուկայի թիրախ ընկերության գործադիր տնօրենը մատնանշել է ինչպես կորպորատիվ, այնպես էլ մասնավոր սպառողներին: “2009 թվականի հունվարից մենք սկսում ենք մատուցել մեր ծառայությունները Երեւանի կենտրոնում, ապրիլին` մայրաքաղաքի ողջ տարածքում, իսկ 2009-2010 թվականների ընթացքում` ողջ Հայաստանում”,- ասել է Ադամ Կաբլանյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ iCON Communications-ը տեղադրում է WiMAX ենթակառույցը Alcatel-Lucent ու Siemens ընկերությունների հետ համատեղ:iCON Communications-ը հիմնվել է 2007 թվականի վերջին: Ընկերության ներդրումային կապիտալը կազմում է շուրջ $10 մլն: Tweet Դիտում՝ 5751