Միջազգային կազմակերպությունների ղեկավարները զգուշացրել են համաշխարհային պարենային ճգնաժամի մասին եւ կոչ արել երկրներին շտապ քայլեր ձեռնարկել այն հաղթահարելու համար։«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի կայքում հրապարակվել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարների համատեղ հայտարարությունը։Ինչպես նշվում է հայտարարության մեջ, պարենի, վառելիքի եւ պարարտանյութերի շուկաների վրա ազդել են կորոնավիրուսային համավարակը, միջազգային մատակարարումների շղթաների խափանումները եւ ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Համաձայն Պարենի համաշխարհային ծրագրի՝ 2022 թվականի հունիսի դրությամբ 82 երկրում 345 միլիոն մարդ բախվել է պարենի սուր պակասի հետ: Գների բարձրացումից հետո մոտ 25 երկիր սահմանել է արտահանման սահմանափակումներ, որոնք ազդել են սննդամթերքի համաշխարհային առեւտրի ավելի քան 8%-ի վրա։Միջազգային կազմակերպությունների ղեկավարներն առաջարկում են ներդնել կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցներ չորս ոլորտում.- անհապաղ աջակցության տրամադրում բնակչության խոցելի խմբերին,- աջակցություն առեւտրին եւ պարենի միջազգային մատակարարումներին,- արտադրության ավելացում,- ներդրումներ կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության մեջ:Հայտարարության հեղինակների կարծիքով, մասնավորապես, էներգետիկ եւ պարենային սուբսիդիաները պետք է փոխարինվեն կանխիկ դրամական փոխանցումներով, որոնք կհասնեն միայն բնակչության առավել խոցելի շերտերին։ Նրանք նաեւ կոչ են արել դիվանագիտական լուծում գտնել Ուկրաինայից հացահատիկի եւ պարարտանյութի տարհանմանը։«2008 թվականի ճգնաժամը մեզ սովորեցրեց, որ համաշխարհային առեւտրի սահմանափակումների ներդրումն ուղղակիորեն հանգեցնում է պարենային ապրանքների գների բարձրացմանը։ Արտահանման սահմանափակումների վերացումը եւ ավելի ճկուն ստուգումների եւ լիցենզավորման գործընթացների ներդրումը օգնում են նվազագույնի հասցնել մատակարարումների խափանումները եւ իջեցնել գները»,- ասված է հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 6147