Ռուսաստանը կկարողանա սպառող երկրներին նավթ մատակարարել այնքան, որքան ցանկանում է՝ գնային առաստաղի պահպանման դեպքում, հակառակ պարագայում Արեւմուտքն ավելի խիստ միջոցներ կձեռնարկի, ինչը կփակի Ռուսաստանի արտահանման զգալի մասը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։«Մենք առաջարկում ենք բացառություն, որը թույլ կտա Ռուսաստանին նավթ արտահանել այնքան ժամանակ, քանի դեռ գինը չի գերազանցում այն մակարդակը, որը դեռ պետք է սահմանվի: Հակառակ դեպքում Ռուսաստանը կհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ ամբողջությամբ կկտրվի նավթի արտահանման մասով հիմնական ծառայություններից, ինչը, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի ռուսաստանյան նավթի զգալի ծավալի արտահանումը»,- ասել է Յելենը Բալիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:«Կարծում եմ, Ռուսաստանն ինքն էլ պետք է պատրաստ լինի համաձայնվել նավթի համար սահմանված առավելագույն գնի հետ, հակառակ դեպքում Ռուսաստանի դեմ ավելի կոշտ ռազմավարություն կընդունվի»,- Յելենի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։Նրա խոսքով՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ը եւ, ենթադրաբար, նաեւ Մեծ Բրիտանիան դիտարկում են նավթի մատակարարումների համար անհրաժեշտ ապահովագրության եւ ֆինանսական ծառայությունների արգելքի հարցը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար գնային սահմանափակումներին հետեւելը դեռեւս կապահովի երկրին շահույթ, մինչդեռ արգելքը, ընդհակառակը, կզրկի եկամտի մեծ մասից։Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարը, առանց նավթի գների համար առաստաղի սահմանման համաշխարհային գների շատ ավելի էական աճ կդիտվի։Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Չինաստանը եւ Հնդկաստանը կաջակցեն ռուսաստանյան նավթի գների սահմանափակմանը։ «Հուսով եմ, Չինաստանը եւ Հնդկաստանը կհասկանան, որ գնային առաստաղի սահմանումը կծառայի իրենց շահերին՝ նվազեցնելու համար ռուսաստանյան նավթի դիմաց վճարվող գինը»,- ասել է Յելենը:The Wall Street Journal-ը նախօրեին հայտնել էր, որ Յելենը Չինաստանի Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ քննարկել է ռուսաստանյան նավթի գնի համար առաստաղ սահմանելու հնարավորությունը, նրանք պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ հարցի շուրջ։ԱՄՆ ֆինանսների նախարարն այս շաբաթ այցելում է ասիական երկրներ՝ քննարկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ ռուսաստանյան նավթի համար գների առաստաղ սահմանելու հարցը: Tweet Դիտում՝ 8508