Ռուսաստանում շուտով կարող է օրինականացվել իսլամական բանկինգը, որը ենթադրում է տոկոսային եկամուտների բացակայություն։ Դրանով կկարողանան զբաղվել նոր տիպի ոչ վարկային ֆինանսական հաստատությունները՝ գործընկերային ֆինանսավորման կազմակերպությունները (ԳՖԿ):ԳՖԿ-ների կարգավորիչ կդառնա Ռուսաստանի Կենտրոնական բանկը, վերջինս նաեւ կվարի նման ընկերությունների ռեեստրը եւ վերահսկողություն կիրականացնի դրանց նկատմամբ։ ԳՖԿ-ները կկարողանան միջոցներ ներգրավել քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ու դրանք ներդնել այն նախագծերում, որոնք համապատասխանում են իսլամական իրավունքին՝ գործընկերային հիմունքներով, ինչը, ընդհանուր առմամբ, հիշեցնում է հավատարմագրային կառավարումը: Կենտրոնական բանկը պատրաստ է նորարարություններին, սակայն նախընտրում է սկզբնական փուլում փորձարկել նոր ռեժիմը սահմանափակ թվով մարզերում։«Կոմերսանտ»-ի տրամադրության տակ է հայտնվել Ռուսաստանում իսլամական բանկինգի մասին, իսկ ավելի ճիշտ՝ «Գործընկերային ֆինանսավորման գործունեության մասին» օրինագիծը եւ դրան կից երկու ուղեկցող օրինագծեր:Իսլամական օրենքներով՝ արգելվում է տոկոսով գումար տալ, ուստի բանկերը, ինչպես ցանկացած այլ վարկային հաստատություն, իրենց ստանդարտ պրոդուկտներով չեն կարող մատուցել իսլամական բանկինգի ծառայություններ:Նախօրեին ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը հայտարարել էր, որ Ռուսաստանում իսլամական բանկինգը կարգավորող օրենքների նախագծերը կարող են Դումային ներկայացվել մինչեւ շաբաթվա վերջ։ «Այժմ փաստաթղթերն ուղարկվել են համաձայնեցման, իսկ դրանց քննարկումը նախատեսված է արդեն աշնանային նստաշրջանում»,- նշել է նա։Անցած տարվա մայիսին հաղորդվել էր Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովին կից իսլամական ֆինանսների ասպարեզում աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը պետք է նպատակային փոփոխություններ ներկայացներ օրենքներում՝ խթանելու ԱՄԷ-ից եւ իսլամական այլ երկրներից ֆինանսների ներհոսքը:Իսլամական բանկինգը պարունակում է մի շարք արգելքներ եւ սահմանափակումներ։ Օրինակ՝ տոկոսների վճարման արգելք եւ դրանից ածանցյալ տոկոսային գործարքներ, անորոշ պայմաններով գործարքների արգելք, տնտեսության որոշ ոլորտների ֆինանսավորման արգելք՝ մոլախաղեր, խոզի մսի, ալկոհոլային խմիչքների արտադրություն եւ այլն։Ըստ նախագծի՝ ԳՖԿ-ները ֆինանսավորում կտրամադրեն հետեւյալ գործարքների միջոցով.- իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրամական փոխառությունների տրամադրում՝ առանց վարձատրության գանձման,- ֆինանսավորում առեւտրային միջնորդի կարգավիճակով՝ առուվաճառքի պայմանագրեր կնքելու միջոցով՝ ապառիկ (հետաձգված) վճարման կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանով, - արտադրական եւ առեւտրային գործունեության ֆինանսավորում՝ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցության միջոցով եւ (կամ) գործընկերային պայմաններով, - երաշխավորության տրամադրում:«ԳՖԿ-ներին միջոցներ տրամադրելով՝ ներդրողը մասնակցում է գործընկերային ֆինանսավորման կազմակերպության շահույթին եւ վնասին, ինչը բացառում է ներդրված գումարի երաշխավորված վերադարձը»,- ասված է օրինագծի բացատրական գրության մեջ։«Նոր իրավիճակում, որը բնութագրվում է արեւմտյան ֆինանսական շուկաների հետ կապերի խզմամբ, աճում է Ռուսաստանի քաղաքացիների, տնտեսության իրական հատվածի ընկերությունների, ինչպես նաեւ ֆինանսական ինստիտուտների պահանջարկը գործընկերային (իսլամական) ֆինանսավորման գործիքների նկատմամբ»,- նշել են նախագծի հեղինակները: Tweet Դիտում՝ 6674