Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը կարծում է, որ ԱՄՆ-ում ռեցեսիայից խուսափելը գնալով ավելի դժվարանում է մի շարք գործոնների պատճառով, իսկ բարձր գնաճի հետեւանքով միջոցների սխալ ընտրությունը բացասաբար կանդրադառնա երկրի եւ ամբողջ աշխարհի տնտեսության վրա։ «Գործադիր խորհրդի անդամներն ընդունել են, որ գնաճի առումով միջոցներ փնտրելիս դրույքները բարձր են, եւ այս կամ այն ուղղությամբ սխալ քաղաքական որոշումների ընտրությունը զգալի հետեւանքներ կունենա երկրում եւ բացասական ազդեցություն կթողնի համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է ԱՄՀ զեկույցում։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՀ մասնագետները «հանգել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ում ռեցեսիայից խուսափելը գնալով ավելի դժվար է դառնում»։ Նրանց կարծիքով՝ մի շարք գործոններ «հավելյալ խնդիրներ են ստեղծում»։ Ըստ զեկույցի՝ այդ գործոններից են «COVID-19 շարունակվող համավարակը, մատակարարումների հետ կապված դժվարությունները», ինչպես նաեւ հանգամանքները՝ կապված Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետ։Ինչպես նշվում է փաստաթղթում, Գործադիր խորհրդի անդամներն ընդգծել են, որ «քաղաքականության մեջ առաջնահերթությունը պետք է լինի գների աճի օպերատիվ դանդաղեցումն՝ առանց ռեցեսիա հրահրելու»։Մասնագետներն ԱՄՆ իշխանություններին խորհուրդ են տվել «չեղարկել առեւտրային սահմանափակումները եւ մաքսատուրքերի բարձրացումը, որոնք իրականացվել են վերջին հինգ տարիների ընթացքում»։ «Ընդհանուր առմամբ, նրանք իշխանություններին կոչ են արել ակտիվորեն գործակցել առեւտրային գործընկերների հետ՝ ամրապնդելու կանոնների վրա հիմնված բազմակողմ առեւտրային համակարգը, որը կառուցված է Առեւտրի համաշխարհային կազմակերպության շուրջ»,- ասված է զեկույցում։ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2022 թվականին Միացյալ նահանգների ՀՆԱ-ի աճը կկազմի 2,3%, իսկ 2023 թվականին՝ 1%:Հիմնադրամը, ապրիլյան գնահատականների համեմատ, վատթարացրել է ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումն այս տարվա համար 1,4 տոկոսային կետով, իսկ հաջորդ տարվա համար՝ 1,3 տոկոսային կետով։ Անցած տարի, ըստ ԱՄՀ վերլուծաբանների, ԱՄՆ տնտեսությունն աճել է 5,7%-ով։ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2022 թվականին Միացյալ Նահանգներում գործազրկության մակարդակը կկազմի 3,7%, իսկ 2023 թվականին՝ 4,6%։ Այս տարի սպասվում է 6,6% գնաճ, իսկ հաջորդ տարի՝ 1,9%։Ինչպես նշել են հիմնադրամում, ԱՄՆ-ում տնտեսական ցուցանիշների վրա կազդեն համաշխարհային գործոնները, ինչպիսիք են իրավիճակը Ուկրաինայում, կորոնավիրուսային համավարակը եւ դրա պատճառով Չինաստանում կիրառվող սահմանափակումները:«Բացի այդ, որքան երկար գնաճը բարձր մնա, այնքան մեծ կլինի գնաճային սպասումների աճի ռիսկը, որն այնուհետեւ կարտացոլվի աշխատավարձերի եւ գների վրա: Այս դեպքում Դաշնային պահուստային համակարգը պետք է ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկի գնաճը նվազեցնելու համար՝ բարձրացնելով տոկոսադրույքները եւ դրանք երկար ժամանակ բարձր պահելով։ Դա կհանգեցնի տնտեսական աճի հետագա դանդաղեցմանը եւ գործազրկության աճին»,- պարզաբանել են ԱՄՀ-ում: Tweet Դիտում՝ 5250