Bloomberg-ը տեղեկացնում է, որ վերջին շրջանում աշխարհում կրկնապատկվել է այն երկրների թիվը, որոնք ավելի խոցելի են դառնում դեֆոլտի առումով։Փորձագետներն ամենից շատ մտահոգված են ռիսկի խմբում գտնվող Սալվադորի, Գանայի, Եգիպտոսի եւ Պակիստանի համար։Prime գործակալության փոխանցմամբ՝ նյութում նշվում է, որ զարգացող երկրներին սպառնում է «դեֆոլտների պատմական հեղեղ», որը կարող է առաջանալ մոտ $250 միլիարդի խնդրահարույց պարտքերի պատճառով։ Ընդ որում, մեկ երկրի դեֆոլտը կարող է հանգեցնել դոմինոյի էֆեկտի, որը նման է նաեւ «վարակվելուն»:Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարթի կարծիքով՝ ցածր եկամուտ ունեցող պետություններում պարտքային ռիսկերն ու ճգնաժամերը հիպոթետիկ չեն։ Նա գտնում է, որ Սալվադորը, Գանան, Եգիպտոսը եւ Պակիստանը դեֆոլտի մեծ ռիսկեր ունեն, իսկ Շրի Լանկան եւ Լիբանանն արդեն դեֆոլտի մեջ են:Նյութի հեղինակները պնդում են, որ, որպես կանոն, կապիտալի համաշխարհային շուկաներ մուտք գործելու բավականին կարճ փորձ ունեցող երկրները գտնվում են «տնտեսական ամենամեծ սթրեսի» մեջ։ Միաժամանակ, Չինաստանը, Հնդկաստանը, Մեքսիկան եւ Բրազիլիան, որոնք նույնպես դասվում են զարգացող երկրների շարքին, իրենց ավելի կայուն են զգում, քանի որ ունեն հուսալի արտաքին հաշվեկշիռներ եւ արժութային պահուստներ։Bloomberg-ը պարզաբանել է, որ պարենի եւ էներգակիրների թանկացման հետեւանքով առաջացած խռովություններն ազդում են պարտատոմսերով առաջիկա վճարումների վրա մեծ պարտք ունեցող այնպիսի պետություններում, ինչպիսիք են Գանան եւ Եգիպտոսը: Միաժամանակ, շատ ներդրողներ շարունակում են միջոցներ դուրս բերել «խնդրահարույց» երկրներից, ինչը հանգեցնում է նման պարտքի փլուզման ուժեղացմանը։ Այսպես, հունիսին օտարերկրյա ֆինանսական կառավարիչները $4 միլիարդ են դուրս բերել զարգացող շուկաների պարտատոմսերից եւ բաժնետոմսերից: Դրամական միջոցների կայուն արտահոսք է արձանագրվում չորս ամիս անընդմեջ։ Tweet Դիտում՝ 4539