Մարտից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում 71 միլիոն մարդ զարգացող երկրներում հայտնվել է աղքատության մեջ՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության պատճառով պարենի եւ էներգիայի համաշխարհային գների կտրուկ աճի հետեւանքով։Forbes-ի ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կայքում զետեղված զեկույցում։Կազմակերպությունը նշել է, որ ներկայիս ճգնաժամը շատ ավելի արագ է ազդել աղքատության մակարդակի վրա, քան COVID-19 համավարակը։ Գնաճի արագ ավելացումն իր հետ բերում է տոկոսադրույքների բարձրացում, ինչն, իր հերթին, առաջացնում է աղքատության աճի ռիսկ ռեցեսիայի ֆոնին։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում նշված է, որ դա էլ ավելի կսրի ճգնաժամը, որի պատճառով ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ կհայտնվեն աղքատության շեմից ցածր վիճակում: «Գների աննախադեպ բարձրացման պատճառով այսօր աշխարհում շատ մարդկանց համար հասանելի չէ այն սննդամթերքը, որը կարող էին իրենց թույլ տալ երեկ: Այս ճգնաժամը ահռելի արագությամբ միլիոնավոր մարդկանց մղում է աղքատության եւ սովի: Միաժամանակ, օրեցօր աճում է սոցիալական հուզումների ուժեղացման սպառնալիքը»,- ասել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Ախիմ Շտայները (Achim Steiner):Ինչպես նշում է կազմակերպությունը, զարգացող երկրները բախվում են խնդիրների, որոնք հնարավոր չէ լուծել առանց համաշխարհային հանրության անհապաղ օգնության։ Խնդիրների շարքում են բյուջեի պահուստների սպառումը, պետական պարտքի բարձր մակարդակը, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական շուկաներում աճող տոկոսադրույքները։ 159 զարգացող երկրների վերլուծությունը ցույց է տվել, որ առանցքային հումքային ապրանքների գների աճն արդեն կործանարար է ամենաաղքատ տնային տնտեսությունների համար:«Էներգակիրների համար սուբսիդիաները կարող են օգնել կարճաժամկետ հեռանկարում, երկարաժամկետ կտրվածքով դրանք ուժեղացնում են անհավասարությունը, ավելի են խորացնում կլիմայական ճգնաժամը եւ չեն մեղմացնում կյանքի ավելի բարձր արժեքի պատճառով անմիջական հարվածն այնքանով, որքանով դա կարող է անել նպատակային դրամական օգնությունը: Դրանք որոշակի թեթեւություն են բերում՝ տրամադրելով անհապաղ օգնություն, ինչպես վիրակապը, սակայն ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել ավելի շատ վնասվածքների»,- ասել է զեկույցի հեղինակ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ռազմավարական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Գրեյ Մոլինան (George Gray Molina):Զեկույցում նշվում է, որ Էներգիակիրների համար սուբսիդիաներն անհամաչափորեն ձեռնտու են ավելի ունեւոր մարդկանց. օգուտի կեսից ավելին բաժին է ընկնում ամենահարուստ բնակչության 20%-ին, միաժամանակ, նպատակային դրամական փոխանցումներն ուղղվում են հիմնականում ամենաաղքատ բնակչության 40%-ին: «Մեր մոդելը ցույց է տալիս, որ նույնիսկ շատ համեստ դրամական փոխանցումները կարող են հսկայական ազդեցություն ունենալ այս ճգնաժամի ամենաաղքատ եւ խոցելի խավերի վրա»,- նշել է Մոլինան:Նրա կարծիքով՝ անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար պետք է դիտարկել երկու տարով պետական պարտքի մարման մորատորիում սահմանելու հնարավորությունը՝ բոլոր զարգացող երկրներին օգնելու համար։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ միայն COVID-19 համավարակը հանգեցրել է, որ զարգացող երկրների պետական պարտքը հասել է 50 տարվա առավելագույնին, նշում է կազմակերպությունը։ Սա ավելի քան 2,5 անգամ գերազանցում է նրանց եկամուտները։Ճգնաժամի առավել լուրջ հետեւանքներին բախված երկրների թվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նշում է նաեւ Հայաստանը։ Tweet Դիտում՝ 8194