Տաթեւիկ Սիմոնյանը՝ Դավոսի WCFA-ի համաշխարհային խորհրդատվական խորհրդի անդամ

07.07.2022 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Սիմոնյան #SPRING PR #WCFA
2022  թվականի հուլիսի 4-ին կայացել է միջազգային մասնագիտական ամենամեծ կառույցներից՝ Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (WCFA) ամենամյա գլխավոր հանդիպումը, որի ժամանակ տեղի է ունեցել կազմակերպության համաշխարհային խորհրդատվական խորհրդի (Global Advisory Board) անդամների ընտրությունը։

Խորհրդի անդամ են դարձել աշխարհում հաղորդակցությունների ոլորտում մեծ փորձառություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ՝ 5 մայրցամաք ներկայացնող 12 երկրի 13  առաջատար պրոֆեսիոնալ։ WCFA-ի համաշխարհային խորհրդատվական խորհրդում Հայաստանը կներկայացնի SPRING PR ընկերության հիմնադիրներից Տաթեւիկ Սիմոնյանը։

Խորհրդի անդամներն են Ալասդայիր Թաունսենդը (Բրազիլիա), Չեյզարի Վալլին (Իտալիա), Գանեշ Չանդրասեկարան (Հնդկաստան), Ջարման Սաան (Ճապոնիա), Հեշամ Մեսբահը (Միացյալ Նահանգներ), Միխայել Շրոդերը (Գերմանիա), Նուրուլ Աշիքին Շամսուրին (Մալազիա), Փիլին Քոջալփը (Թուրքիա), Ռոզեն Բորքը (Կանադա), Սորոբ Ուբովեյան (Հնդկաստան), Տաթեւիկ Սիմոնյանը (Հայաստան), Վլադ Բազիկալովը (Միացյալ Թագավորություն), Զոֆիա Լակատոսը (Հունգարիա):

WCFA-ի խորհրդատվական խորհրդի՝ որպես միջազգային ցանցի գործունեությունն ուղղված է աջակցելու Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (WCFA) առաքելությանն ու ռազմավարական նպատակներին, նպաստելու կազմակերպության ակտիվ գործունեությանն ու արդյունավետ գործառմանը, հասարակայնության հետ կապերի (PR) մասնագիտական համաշխարհային հանրույթի համախմբմանն ու փորձի փոխանակման ապահովմանը, տարբեր ձեւաչափերի մասնագիտական միջոցառումների անցկացմանը, հաղորդակցությունների ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը։

«Մենք շատ հպարտ ենք Տաթեւիկ Սիմոնյանին տեսնել WCFA-ի այս կարեւոր մարմնում, որը համախմբում է տարբեր մասնագետների բոլոր մայրցամաքներից։ Վերջին տասնամյակի ընթացում Հայաստանը հաղորդակցության ոլորտում ներկայանում է հիանալի մասնագետներով, եւ մենք բոլորս վստահ ենք, որ Տաթեւիկն իր ակտիվ մասնակցությունը կունենա Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի որոշումների կայացման գործընթացում։ Եվ ի վերջո, նրա անդամակցությունը Խորհրդին նաեւ Հայաստանի PR եւ կառավարման ոլորտներում ձեռքբերումների վկայությունն է»,- նշել է WCFA-ի նախագահ Մաքսիմ Բեհարը։

SPRING PR-ի համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը, կարեւորելով Կառույցում բարձր մակարդակում Հայաստանի ներգրավվածությունը, ասել է. «Ցանկանում եմ շնորհավորել WCFA-ի որոշումներ կայացնող կարեւոր մարմնի՝ Համաշխարհային Խորհրդատվական խորհրդի բոլոր նորընտիր անդամներին։ Իմ նկատմամբ ցուցաբերված վստահությունը բարձրացնում է Հայաստանը պատշաճ կերպով միջազգային ասպարեզում ներկայացնելու պատասխանատվությունը։ Ես իրապես հավատում եմ, որ միջազգային ամենահեղինակավոր ասոցիացիաներից մեկում ներգրավվածությունը կտա ակտիվ եւ դինամիկ կապեր ստեղծելու հնարավորություն, ինչը կնպաստի տեղացի PR մասնագետների աճին, որն էլ իր հերթին կբերի համաշխարհային մակարդակում PR-ի զարգացման գործում նրանց մասնակցության ու ազդեցության մեծացմանը։ Միեւնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ մենք արդեն  WCFA-ի կազմում ունենք Հայաստանից գործընկերներ եւ ուրախ ենք շարունակաբար մեծացնել հաղորդակցության պրոֆեսիոնալների մեր մեծ ընտանիքը»։

WCFA-ի կողմից կազմակերպող հաջորդ կարեւոր միջոցառումը Davos Communications Awards 2022 մրցանակաբաշխությունն է, որը կկայանա հուլիսի 7-ին եւ կհամախմբի աշխարհի տարբեր ծայրերից հաղորդակցության ոլորտի մասնագետների, առաջատար ընկերությունների ղեկավարների, գործարարների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողների։

***

SPRING PR-ը մրցանակակիր ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանում եւ մասնագիտացած է ռազմավարական PR-ի, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման եւ հետազոտությունների ոլորտներում։ Ընկերությունը համագործակցում է մի շարք տեղական եւ միջազգային մեծ, միջին եւ փոքր ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների հետ։ SPRING PR-ի թիմն անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Ընկերությունը հաղորդակցությունների ոլորտի այնպիսի հեղինակավոր մրցանակաբաշխությունների մրցանակակիր է, ինչպիսիք են IPRA Golden World Awards-ը, Eventiada IPRA Golden World Awards-ը, C4F Davos Awards (Communication for Future Davos Awards)-ը: 2021 թվականին SPRING  PR-ն առաջին անգամ հայկական PR-ընկերությունների պատմության մեջ դարձել է PR ոլորտի օսկար համարվող IPRA Golden World Awards մրցանակաբաշխության, ինչպես նաեւ WCFA Davos Digital Award 2021-ի հաղթող:

***

Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիան (WCFA) հաղորդակցության ոլորտի փորձագետներին միավորող համաշխարհային պրոֆեսիոնալ կազմակերպություն է, որի գլխավոր գրասենյակը Շվեյցարիայի Դավոս քաղաքում է։ Ասոցիացիան միավորում  է ոլորտի առաջատար մասնագետների, ընկերությունների գործադիր տնօրենների, ինչպես նաեւ կրթական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին՝ ստեղծելով եզակի համայնք եւ բազմամշակութային հաղորդակցության մասնագետների ցանց։ Բոլոր անդամները հանդես են գալիս որպես դեսպաններ, ովքեր ոչ միայն ներկայացնում են իրենց երկիրը, տարածաշրջանը կամ կազմակերպությունը, այլ նաեւ ձգտում են պրոֆեսիոնալ հաղորդակցության միջոցով ստեղծել համապատասխան միջավայր աշխարհում դրական փոփոխությունների համար: WCFA-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ հաղորդակցության, ԶԼՄ-ների եւ հասարակայնության հետ կապերի միջոցով միջսահմանային եւ միջմշակութային մասնագիտական հանրույթի ձեւավորումը, ֆինանսավորման եւ միջազգային փորձառությունների միջոցով հաղորդակցության երիտասարդ մասնագետների աջակցությունը, ինչպես նաեւ կրթական նոր մոդելների, ճանաչելիության եւ ազդեցության նոր մեթոդների ակտիվացումը։
Դիտում՝ 20502
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW