ԵՄ-ն մտադիր է ստեղծել միասնական մարմին, որը կվերահսկի պատժամիջոցների կիրառումը

04.07.2022 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեյրեդ ՄակԳինես #ԵՄ #պատժամիջոցներ
Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են համաեվրոպական մարմին ստեղծելու հարցը, որը կվերահսկի ԵՄ պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտարարել է ֆինանսական կայունության հարցերով եվրահանձնակատար Մեյրեդ ՄակԳինեսը (Mairead McGuinness)։

Financial Times-ին տված հարցազրույցում ՄակԳինեսն ասել է, որ ԵՄ պատժամիջոցներն անդամ երկրների կողմից կիրառվում են անհավասարաչափ, քանի որ դրանց կիրառումն ընկնում է միության յուրաքանչյուր երկրի ազգային իշխանությունների վրա, եւ ոչ բոլոր անդամներն ունեն բավականաչափ «հզոր ենթակառուցվածք» դրանք կիրառելու համար։

Այս առնչությամբ, ըստ եվրահանձնակատարի, պաշտոնյաները դիտարկում են ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչության (OFAC) համաեվրոպական տարբերակ ստեղծելու հնարավորությունը, որը պատասխանատու կլինի պատժամիջոցների կիրառման համար։ Բացի այդ, որպես նոր մարմնի այլընտրանք, ԵՄ-ն կարող է նմանատիպ լիազորություններ տալ Փողերի լվացման դեմ պայքարի ապագա մարմնին (AMLA), որը Եվրահանձնաժողովը նախատեսում է ստեղծել մինչեւ 2024 թվականը:

«Այն ամենը, ինչը կարող է օգնել անդամ երկրներին կիրառել պատժամիջոցներ, եւ որտեղ մենք տեսնում ենք ԵՄ-ի վերահսկողությունն ու համակարգումը, դրական կլինի: Ես կաջակցեի պատժամիջոցների եւ դրանց կիրառման վերաբերյալ համապարփակ պատկերացում ունենալու գաղափարին»,- ՄակԳինեսի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։

Եվրահանձնակատարը հավելել է, որ ԵՄ-ն դիտարկում է նաեւ պատժամիջոցների ռեժիմն ուժեղացնելու մի շարք այլ փոփոխություններ, ներառյալ՝ պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների պարտավորությունը՝ բացահայտելու իրենց ակտիվները՝ դրանք թաքցնելու փորձի դեպքում քրեական պատիժ իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների նկատմամբ վերահսկողության սահմանումը եւ պատժամիջոցների կիրառման համակարգում բացերի եւ սողանցքների որոնումն ու վերացումը։
Դիտում՝ 6734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW