Ռուբլու փոխարժեքը 2023 թվականին կկազմի 83 ռուբլի մեկ դոլարի դիմաց, եթե Ռուսաստանը կարողանա Եվրոպայի համար կրճատվող նավթի արտահանումը 50%-ով վերաուղղորդել այլ շուկաներ, Brent տեսակի նավթը կարժենա $100 մեկ բարելի համար, իսկ Urals-ը՝ $70։Նշված ցուցանիշները բերված են Renaissance Capital-ի վերլուծաբանների՝ ռուբլու փոխարժեքի վերաբերյալ հիմնական կանխատեսման մեջ։ RBC-ի փոխանցմամբ՝ նրանք հաշվարկել են ռուբլու փոխարժեքի ցուցանիշները պատժամիջոցների սահմանափակումների պայմաններում նավթի արտահանումը փոխարինելու տարբեր սցենարների, ինչպես նաեւ նավթի տարբեր գների համար:Renaissance Capital-ի տնտեսագետները գրում են, որ ռուբլու փոխարժեքի դինամիկան իրական արտահայտությամբ (հաշվի առնելով ներքին եւ արտաքին գնաճի տարբերությունը) պատմականորեն սերտորեն փոխկապակցված է նավթի գների դինամիկայի հետ։ Սակայն, եթե 2020 թվականին համավարակը սկսվելուց հետո ռուբլու փոխարժեքը թերագնահատված էր թվում նավթի գների նկատմամբ, ինչը հիմնականում պայմանավորված էր OPEC+ գործարքով` արդյունահանման եւ արտահանման ծավալների սահմանափակումների ներդրմամբ, ապա 2022 թվականի մայիս-հունիս ամիսներին ռուբլին անցավ 15-17%-ով գերարժեւորման։ Փորձագետները նման գնահատական են տվել՝ հաշվի առնելով Urals նավթի գների միտումը՝ Brent-ի նկատմամբ զգալի զեղչով։ Մայիսին տարբերությունը կազմել է մոտ $32 մեկ բարելի դիմաց։Տնտեսագետների կարծիքով՝ միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից ռուսաստանյան նավթի եւ նավթամթերքների արտահանման նկատմամբ սահմանված էմբարգոն, ինչպես նաեւ առեւտրային այլ սահմանափակումները, որոնք միագումար կանդրադառնան ռուսաստանյան արտահանման 30%-ի վրա, կաշխատեն ի վնաս ռուբլու։ Հունիսի սկզբին Եվրամիությունը համաձայնեցրել է նավթի էմբարգոն, որն առաջին հերթին անդրադարձավ ծովային ճանապարհով Ռուսաստանից նավթի ներկրման վրա։ Մինչեւ տարեվերջ ռուսաստանյան նավթի մատակարարումները ԵՄ-ում պետք է կրճատվեն մոտ 90%-ով, տեղեկացրել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։Կախված, թե որքանով Ռուսաստանին կհաջողվի լայնածավալ վերաուղղորդել ԵՄ-ից դուրս մնացած նավթի արտահանումը դեպի այլ երկրների շուկաներ, Renaissance Capital-ի վերլուծաբանները կանխատեսել են ռուբլու փոխարժեքը 2023 թվականի համար։ Էներգակիրների արտահանման համաշխարհային հոսքերի պոտենցիալ վերաբաշխման առանցքային պահը OPEC-ի դիրքորոշումն է, նշվում է զեկույցում։ Դեպի Եվրոպա ռուսաստանյան արտահանման ամբողջական փոխարինումը, ըստ տնտեսագետների, հնարավոր է միայն OPEC-ի մատակարարումներն ասիական շուկաներից դեպի Եվրամիություն վերակողմնորոշելու հաշվին, միայն համաշխարհային արդյունահանման ավելացման կամ դեպի ԵՄ ամերիկյան նավթի արտահանման ավելացման դեպքում դա տեղի չի ունենա: OPEC-ի կազմում են նավթ արդյունահանող այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Իրանը:Կանխատեսման մեկ այլ փոփոխական է դարձել նավթի գինը։ «Արտահանման կանխատեսման մեջ ելնում ենք այն ենթադրությունից, որ նավթի համաշխարհային գները կմնան բարձր մակարդակի վրա 2022 թվականին եւ փոքր-ինչ կնվազեն 2023 թվականին (այդ թվում՝ հաշվի առնելով ռեցեսիոն ռիսկերի աճը)։ Շուկայի կոնսենսունս կանխատեսումը 2022 թվականին միջինում կազմում է մոտ $110 մեկ բարելի դիմաց, իսկ 2023 թվականին՝ միջինում մոտ $100 մեկ բարելի դիմաց»,- ասված է զեկույցում։ Միաժամանակ, ռուսաստանյան Urals նավթը վերջին ամիսներին վաճառվում է մեկ բարելի դիմաց $25-35 զեղչով, եւ դրա նվազման համար գործոններ չկան, ինչը ենթադրում է, որ ՌԴ նավթի գները 2022 եւ 2023 թվականներին կանխատեսվում են $80 եւ $70 մեկ բարելի դիմաց, պարզաբանել են վերլուծաբանները։Վատագույն սցենարով, եթե Ռուսաստանը ընդհանրապես չկարողանա փոխարինել արգելված մատակարարումները Եվրոպա եւ իրականան նավթի գնի կոնսենսուսի կանխատեսումները, 2023 թվականին ռուբլու միջին փոխարժեքը կկազմի 93 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ Լավատեսական սցենարով`արտահանման 100%-ի վերաբաշխման դեպքում ակնկալվում է, որ փոխարժեքը կկազմի 74 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ Տնտեսագետները նշել են, որ որքան բարձր լինի նավթի գինը բոլոր երեք սցենարներում, այնքան ռուբլին ուժեղ կլինի, իսկ Urals-ի գնի ենթադրվող զեղչը Brent-ի նկատմամբ անփոփոխ գնահատվում է $30: Tweet Դիտում՝ 5919