Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2022 թ․ առաջին չորս ամիսներին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 9․4 տոկոսով:«Գնաճը մայիսին արագացել է՝ կազմելով 9 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ ներքին աշխույժ պահանջարկի, առաջարկի սահմանափակումների եւ սննդամթերքի ու վառելիքի համաշխարհային գների բարձրանալու հետեւանքով։ Բյուջեի ընդհանուր դիրքը 2022 թ․առաջին եռամսյակում հավելուրդային էր՝ տնտեսական ակտիվությանը համահունչ եկամուտների հավաքման բարձր ցուցանիշի եւ ծախսերի թերակատարման շնորհիվ»,- ասել է նա:Իվա Պետրովայի խոսքով՝ բանկային համակարգը պահպանել է ամրությունը, իսկ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեւորվել է։«ԱՄՀ աշխատակազմի կանխատեսմամբ իրական ՀՆԱ-ն 2022 թ․ կաճի շուրջ 5 տոկոսով՝ պայմանավորված ներքին պահանջարկով եւ տարվա առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության բարձր տեմպից օգտվելով։ Սպասվում է գնաճի ժամանակավոր բարձրացում՝ նախքան տարեվերջին մեղմացումը, երբ դրամավարկային քաղաքականության նախկին գործողությունները եւ դրամի վերջին արժեւորման ազդեցության փոխանցումն իրենց լիարժեք ներգործությունը կունենան»,- ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:Նա նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկը պետք է պատրաստ լինի ըստ անհրաժեշտության դրամավարկային քաղաքականության դիրքի ճշգրտմանը՝ միաժամանակ փոխարժեքին թույլատրելով լինել շոկի կլանիչ։«Վտանգը, որ արտաքին եկամուտների եւ կապիտալի վերջին ներհոսքի պատճառով Հայաստանը կարող է կտրուկ հակառակ ընթացքին առերեսվել, արտարժութային պահուստների ավելի մեծ բուֆերների վերաստեղծում է պահանջում։ Քանի որ տնտեսությունը գրեթե ամբողջ հզորությամբ է գործում, այն լրացուցիչ հարկաբյուջետային խթանի պահանջ չունի, եւ անհրաժեշտ է, որ իշխանությունները եկամուտների գերակատարումները խնայեն, հակառակ դեպքում գնաճային ճնշումները կարող են պահպանվել։Կարեւոր է մակրո-ֆիսկալ-ֆինանսական կայունության պահպանումը՝ Ուկրաինայի պատերազմի, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների եւ համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճի պայմաններում, գնաճի ուղղորդումը դեպի ՀՀ ԿԲ նպատակադրած 4 տոկոսը եւ հարկաբյուջետային բուֆերների վերականգնումը՝ աճի համար նպաստավոր եւ ներառող քաղաքականության միջոցով»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 2348