Գրեֆ. ՌԴ տնտեսությունում «պարադոքսալ», բայց «ոչ այնքան դրամատիկ» իրավիճակ է

17.06.2022 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սբերբանկ» #Գերման Գրեֆ
Անցյալ տարվա դրությամբ տնտեսության մակարդակին վերադարձը, առանց որեւէ միջոցներ ձեռնարկելու, կարող է տեւել տասը տարի, ասել է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

RBC-ի փոխանցմամբ՝ Գրեֆը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին բաժին է ընկնում ռուսական արտահանման 56%-ը եւ ներմուծման 51%-ը։ «Դա սպառնալիք է երկրի ՀՆԱ-ի 15%-ի համար»,- գնահատել է նա։

«Սբերբանկի» ղեկավարն ընդգծել է, որ պատժամիջոցներն ավելի մեղմ են, քան սպասում էին ինչպես ռուս, այնպես էլ արեւմտյան փորձագետները։

«Ռուբլին ամրապնդվել է, եւ դրա համար կան պատճառներ, այդ թվում՝ ռուբլու ամրապնդումը ազդել է գնաճի վրա, եւ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք՝ տոկոսադրույքների իջեցում եւ տնտեսության վարկավորման վերսկսում, դա ամենակարեւոր գործոնն է այն կայունացնելու համար։ Եվ, իհարկե, առեւտրի բալանսի հսկայական պրոֆիցիտը, արտարժույթի պահանջարկի կտրուկ անկումը, ներմուծման հոսքերի կտրուկ նվազումը հանգեցրին [ռուբլու] վերաամրապնդման. ես երբեք նման իրավիճակ չեմ տեսել, երբ Ռուսաստանում ոչ մեկին արժույթ պետք չէ»,- բացատրել է նա:

Գրեֆի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունում իրավիճակը «պարադոքսալ» է, բայց ընդհանուր առմամբ՝ «ոչ այնքան դրամատիկ»։

«Սբերբանկի» ղեկավարն իր ելույթում նշել է մինչեւ 2030 թվականը Ռուսաստանի տնտեսության զարգացման երկու սցենար՝ «խողովակ դեպի արեւելք», այսինքն՝ արտահանման հոսքերի կողմնորոշում դեպի արեւելք եւ տնտեսության «կառուցվածքային վերափոխում»։

« «Խողովակ» ասելով՝ մենք հասկանում ենք ռուսական արտահանման բոլոր ապրանքները»,- պարզաբանել է Գրեֆը՝ նշելով, որ այդ սցենարն արդեն իրականացվում է։

Նա նաեւ մեջբերել է Ռուսաստանից դեպի Արեւելք արտահանման հոսքերի վերաբաշխման տվյալները. մարտից մինչեւ մայիս ռուսական նավթի 73%-ը վերաուղարկվել է այն երկրներ, որոնք պատժամիջոցներ չեն կիրառել։ «Սբերբանկի» ղեկավարը նաեւ ընդգծել է, որ այդքան կարճ ժամանակում այդ հոսքերի վերաուղարկումը «շատ իրատեսական չէ», սակայն Ռուսաստանին դա հաջողվել է։

Խոսելով ռուսական տնտեսության կառուցվածքի ադապտացման մասին՝ Գրեֆը նշել է, որ այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու։ «Գլխավոր մարտահրավերն, իհարկե, մեր տնտեսության կառուցվածքային վերակազմավորումն ապահովելն է, ինչը հնարավոր չէր անել երկար տարիներ։ Որովհետեւ եթե նայեք տնտեսության կառուցվածքին, ապա այն փոխվել է վերջին 20 տարվա ընթացքում, բայց ոչ արմատապես։ Մենք հիմա կանգնած ենք մի հսկայական մարտահրավերի առաջ՝ բոլորովին այլ մակրոտնտեսական պայմաններում կատարել այն փոխակերպման բեկումը, որը չի հաջողվել կատարել վերջին տասնամյակների ընթացքում»,- ընդգծել է Գերման Գրեֆը։
Դիտում՝ 4414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW