Ֆինանսական համակարգի կայունացման հետ մեկտեղ արտարժութային սահմանափակումներն աստիճանաբար մեղմանում են։ Կարծում եմ՝ դրանք պետք է հանվեն, համենայնդեպս, դրանց մեծ մասը, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ասել է Ռուսաստանի բանկի (ԿԲ) նախագահ Էլվիրա Նաբիուլինան։Finmarket-ի փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ արտարժութային տարատեսակ սահմանափակումների շերտավորում է եղել։ Դրանցից մի մասը կայունացմանն ուղղված սահմանափակումներն են։ Այս միջոցները ներդրվել են ՌԴ միջազգային պահուստների «սառեցման» եւ կապիտալի արտահոսքին արտարժութային ինտերվենցիաներով արձագանքելու անկարողության հետ կապված։ Սահմանափակումներն ազդել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների լայն շրջանակի վրա:Բացի այդ, Նաբիուլինան հայտարարել է, որ Ռուսաստանում չեն բռնագրավվի արտարժութային ավանդները եւ չեն արգելվի դոլարը, եվրոն եւ այլ արժույթները։ Ինչպես հաղորդում է RBC-ն, նիստի մոդերատոր, ՌԴ Պետդումայի բյուջեի եւ հարկերի հարցերով կոմիտեի ղեկավար Անդրեյ Մակարովը Նաբիուլինային հարցրել է՝ արդյոք Ռուսաստանում կբռնագրավվեն արտարժութային ավանդները։ «Ոչ»,- պատասխանել է ԿԲ նախագահը։ Նա բացասաբար է պատասխանել նաեւ Ռուսաստանում դոլարի եւ եվրոյի արգելքի վերաբերյալ հարցերին։ «Մենք ունենք նաեւ այլ արժույթներ։ Ոչ»,- ընդգծել է Նաբիուլինան։Միաժամանակ, ըստ նրա, կարգավորիչը պետք է աշխատի ֆոնդային շուկայի նկատմամբ մասնավոր ներդրողների վստահությունը վերականգնելու ուղղությամբ։ «Մենք շատ աշխատեցինք, որպեսզի մարդիկ գան ֆոնդային շուկա, այժմ նրանք հիասթափված են, սա մարտահրավեր է մեզ համար»,- ՌԴ ԿԲ նախագահի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը:Իր ելույթի ընթացքում Նաբիուլինան նաեւ նշել է, որ ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է վերաիմաստավորել արտահանման արժեքը, վերաուղղորդել արտադրությունը դեպի ներքին շուկա, բարձրացնել վերամշակման աստիճանը։«Մենք՝ որպես երկիր, ներկայում կորցնում ենք միջազգային ասպարեզում աշխատանքի բաժանման մասնակցությունից, քանի որ մեր արտահանումը զեղչված է, իսկ ներմուծումը՝ պրեմիայով։ Այս պայմաններում, իմ կարծիքով, պետք է վերաիմաստավորել օգուտներն արտահանումից, ինչի մասին մենք խոսել ենք, բայց չենք նպաստել»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։«Պետք է վերաիմաստավորել եւ, վերջապես, մտածել այն մասին, որ արտադրության զգալի մասը պետք է աշխատի ներքին շուկայի վրա, անհրաժեշտ է վերամշակման, վերջնական արտադրանքի ստեղծման ավելի բարձր մակարդակ»,- հայտարարել է Նաբիուլինան:Նա նշել է, որ ընթացիկ պայմանները բարդ են՝ անորոշության բարձր աստիճանով։ Նման արագ փոփոխվող իրավիճակում, ըստ ԿԲ ղեկավարի, գլխավորը ճկուն լինելն ու արագ արձագանքելն է։«Բոլորի համար ակնհայտ է, որ նախկինի պես այլեւս չի լինելու: Արտաքին պայմաններն, իսկապես, փոխվել են երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ, փոխվել են էապես»,- հայտարարել է նա։ Tweet Դիտում՝ 5676