Թուրքիան մեկնարկել է գազամուղի անցկացումը Սեւ ծովում

14.06.2022 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռեջեփ Թայիփ Էրդողան #գազամուղ #Սակարյա հանքավայր
Թուրքիան սկսում է գազամուղ անցկացնել Սեւ ծովում՝ իր ափերի մոտ, նախօրեին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին խողովակը ջրի տակ իջեցնելու արարողության ժամանակ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Մենք շատ ուրախ ենք, որ հասել ենք Սեւ ծովում գազի արդյունահանման նման կրիտիկական կարեւոր փուլին: 2023 թվականի առաջին եռամսյակում մեր ազգային գազատրանսպորտային  համակարգը կստանա 10 միլիոն խորանարդ մետր գազ»,- հայտարարել է Էրդողանը։ Ծրագրի համաձայն՝ արդյունահանումը պետք է հասնի իր գագաթնակետին 2026 թվականին, հավելել է նա։

Սեւ ծովի շելֆում գտնվող Սակարյա հանքավայրը, որտեղից գազ է արդյունահանվելու, Թուրքիան հայտնաբերել է 2020 թվականին, այն համարվում է խոշորագույնը ողջ տարածաշրջանում։ Իշխանությունները դրա պաշարները գնահատում են 540 միլիարդ խորանարդ մետր։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը նշել էր, որ մինչեւ արդյունահանման մեկնարկը տասը հորատանցք կգործարկվի։ Սկզբնական փուլում նախատեսվում է հանքավայրից արդյունահանել օրական 10 միլիոն խորանարդ մետր, իսկ երեք-չորս տարի հետո՝ 40 միլիոն խորանարդ մետր գազ, տեղեկացրել էր նա։

Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Botas ընկերությունը, որը նախագծի իրագործման պատասխանատու է, գրել էր, որ 2022 թվականի նոյեմբերին նախատեսվում է ավարտել 39 կմ երկարությամբ գազատարի ցամաքային հատվածի շինարարությունը։ Նախագծի ընդհանուր երկարությունը կկազմի 211 կմ, որից մոտ 170 կիլոմետրը կանցնի ջրի տակով։

Խողովակաշարով գազի մատակարարումները կսկսվեն 2023 թվականից ոչ ուշ, ասել էր Էրդողանը։ Նա հանքավայրի հայտնաբերումն անվանել էր նոր դարաշրջան Թուրքիայի պատմության մեջ, որը կարող է լուծել էներգիայի դեֆիցիտի խնդիրը, իսկ ապագայում երկիրը դարձնել գազ արտահանող։ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը պնդում էր, որ Սակարյայի գազի պաշարները երկրին կբավականացնեն 45 տարի։

Daily Sabah թերթի տվյալներով՝  Թուրքիան այժմ ամբողջովին կախված է գազի ներմուծումից, առաջին հերթին՝ Ռուսաստանից։ Նոր հանքավայրում արդյունահանման գագաթնակետին հասնելուց հետո Անկարան կկարողանա կրճատել գազի ներմուծումը մոտ մեկ քառորդով, գրել էր պարբերականը։
Դիտում՝ 6168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW