Շիրակի մարզում պաշտոնապես գործարկվել են երկու նոր՝ «կանաչ» ստանդարտներով վերազինված գյուղատնտեսական արտադրական տարածքներ։Վերջիններս արդիականացվել են նոր, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաներով Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է համատեղ Ավստրիական զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:Առաջին արտադրամասը Ղարիբջանյան համայնքում «Սաննի Ֆուդ» ընկերությունն է, որը հիմնովին վերափոխվել է «կանաչ» հետբերքահավաքի պահածոների գործարանի EU-GAIA ծրագրի շրջանակում։ Այն ընտանեկան բիզնես է, որտեղ նպատակը որակյալ, էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ պահածոների արտադրությունն է։Նշվում է, որ գործարանը լիովին պահպանում է անվտանգության, բնապահպանական, սանիտարահիգիենիկ նորմերը եւ իր արտադրության ընթացքում չի օգտագործում քիմիկատներ եւ վնասակար նյութեր բնության եւ մարդու դեմ՝ դրանով իսկ չաղտոտելով շրջակա հողը, ջուրը եւ օդը։Եվրոպական միության ֆինանսական աջակցության եւ Ավստրիական զարգացման տեխնիկական միջամտության շնորհիվ գործարանը համալրվել է արեւային էլեկտրակայանով, մթերքի սառեցման պահեստներով, նոր սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով։ Ներկայումս ընկերությունը բանակցություններ է սկսում սուպերմարկետների տեղական ցանցերի հետ։ Երկրորդ արտադրամասը՝ «Հարմոնի Ֆարմ» դեղաբույսերի աճեցման ցուցադրական կենտրոնն է Առափի համայնքում, որը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Եվրոպական միության եւ Ասվտրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ համալրվել է հողամշակման գործիքների, տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ սերմերի մաքրման եւ խոտաբույսերի տեսակավորման եւ հղկման համարյա ամբողջ տեսականիով։«Հարմոնի Ֆարմ»-ը զբաղվում է բարձրորակ խոտաբույսերի, համեմունքների եւ լոբազգիների մշակությամբ ու սերմնաբուծությամբ։ Կենտրոնի նպատակն է նպաստել Շիրակի մարզում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը՝ ոլորտում զբաղվողներին ցույց տալով կանաչ գյուղատնտեսության առավելությունները։ EU-GAIA ծրագրի շահառու հանդիսացող մոտ 20 ագրոբիզնեսներին, ինչպես նաեւ Շիրակի հարեւան մարզերի մյուս ֆերմերներին հասանելի կլինեն կենտրոնում գործող բոլորովին նոր ծառայությունները, ներառյալ՝ խոտաբույսերի տնկիների եւ սերմերի արտադրություն ու մատակարարում, հողի նախապատրաստում, բարձրարժեք խոտաբույսերի տնկիների արտադրություն եւ վաճառք, ագրոնոմիական խորհրդատվություն։ «EU-GAIA ծրագրի շրջանակներում ավելի քան 200 փոքր եւ միջին ֆերմերների տրամադրվել է տեխնիկական աջակցություն՝ ձեռք բերելու լիովին նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան անցում կատարել ավելի կայուն, օրգանական արտադրության մեթոդների՝ առանց բնական ռեսուրսները վնասելու: ԵՄ-ն Հայաստանում աջակցում է նորարարական, բնական եւ մարդկային ռեսուրսների համար բարենպաստ գյուղատնտեսության զարգացմանը, որը սպառողներին հնարավորություն կտա օգտվել ավելի առողջ եւ անվտանգ մթերքից»,-ասված է հաղորդագրության մեջ։Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլլին, Ավստրիական զարգացման համագործակցության Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Tweet Դիտում՝ 22178