Եվրասիայում համագործակցության հնարավորությունները՝ ճգնաժամի պայմաններում

10.06.2022 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրասիա #ԵԱՏՄ #ճգնաժամ
Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում խոշորագույն աշխարհաքաղաքական ճգնաժամն անխուսափելիորեն կազդի Եվրասիայում տարածաշրջանային գործընթացների վրա։ Փորձագետներն ակնկալում են, որ հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի առճակատումը կսրվի, մինչդեռ Չինաստանը եւ մյուս խաղացողները կցանկանան մեծացնել իրենց ներկայությունը տարածաշրջանում։

RBC-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել Ռուսաստանի միջազգային գործերի հարցերով խորհրդի, ՌԴ գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արեւելքի ինստիտուտի եւ չինական Ֆուդանի համալսարանի փորձագետները, որոնք պատրաստել են «Ռուս-չինական երկխոսություն» տարեկան զեկույցը (հրապարակվել է հունիսի 9-ին)։

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկը եւ դրան հաջորդած Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը զգալիորեն փոխեցին Եվրասիայում համագործակցության հնարավորություններն ու ուրվագծերը, որում զեկույցի հեղինակները ընդգրկել են Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը, ինչպես նաեւ Բելառուսը եւ Վրաստանը։ Այս երկրների համար նոր աշխարհաքաղաքական իրավիճակն իր հետ բերում է եւ՛ ռիսկեր, եւ՛ հնարավորություններ։

«Զգուշանալով երկրորդային պատժամիջոցներից՝ մայրցամաքի երկրները հավասարակշռություն կպահպանեն եվրասիական ինտեգրման եւ այլ գործընկերությունների միջեւ: Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են օգնել ուժեղացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում որոշ ուղիներով, բայց, միաժամանակ, դրանք սահմանափակում են տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է զեկույցում։

Մեծ եվրասիական գործընկերության եւ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացումը կշարունակվի, եւ դրանց կապակցման համար համագործակցությունը կարող է օգնել մեղմել արտաքին ճնշման հետեւանքները: Այս հնարավորության մասին խոսում են նաեւ քաղաքական գործիչները. ինտեգրման համապատասխան զարգացման ուղիները քննարկվել են մայիսի վերջին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովում։

Ինչպես կփոխվեն խոշորագույն խաղացողների ռազմավարությունները

Մինչ ճգնաժամը խոշորագույն խաղացողները տարբեր ռազմավարություններ էին վարում, նշում են փորձագետները։ Չինաստանը սպասողական կեցվածք էր ընդունել, ԱՄՆ-ն աստիճանաբար դուրս էր գալիս տարածաշրջանից, մինչդեռ Ռուսաստանն ակտիվ միջոցներ էր ձեռնարկում հետխորհրդային տարածքում իր ռազմավարական դիրքերն ու առաջնորդությունն ամրապնդելու համար։

Զարգացնելով հարաբերությունները Եվրամիության հետ՝ Եվրասիայի երկրները փորձում էին հավասարակշռել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը, ընդ որում՝ երկկողմանի, ինչը նախընտրելի էր նաեւ վերջինիս համար։ Մոսկվան եւս ձգտում էր խթանել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ երկխոսության գաղափարը, ինչը, ռուսաստանցի փորձագետների կարծիքով, աշխարհաքաղաքական տեսանկյունից կարելի է բացատրել տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը հավասարակշռելու ցանկությամբ։ Օրինակ, 2010 թվականից ի վեր Կենտրոնական Ասիայի համար ԵՄ ներդրումային հիմնադրամը միջոցներ է հատկացնում տարածաշրջանում շրջակա միջավայրի, էներգետիկայի եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Եվրոպական միության նախագծերին, իսկ որպես այլընտրանք Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, ԵՄ-ն ստեղծել է «Գլոբալ դարպասներ» ծրագիրը, որի նպատակն է 2021-2027 թվականներին ֆինանսավորել ԵՄ գործընկեր երկրներում մինչեւ €300 միլիարդի նախագծեր:

2021 թվականի օգոստոսին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը շատ երկրների կողմից ընկալվեց որպես Հարավային Ասիայից Վաշինգտոնի հեռանալ։ Սակայն այժմ տարածաշրջանից հեռացումը կդանդաղի եւ կարող է շրջվել: Վաշինգտոնը, համոզված են զեկույցի հեղինակները, ճնշում կգործադրի Կենտրոնական Ասիայի երկրների վրա, որպեսզի բացառի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներկրումն իրենց տարածքով։ Թեեւ ԱՄՆ-ն ստիպված չի լինի առանձնապես ակտիվ աշխատել. տարածաշրջանային խաղացողներն առանց այդ էլ գիտակցում են ռիսկերը, հետեւաբար, ինչպես նշվում է զեկույցում, «երկրորդային պատժամիջոցների մեկ կամ երկու ցուցադրական դեպք բավական կլինի»։ ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են արտասահմանյան բանկերին՝ չօգնել Ռուսաստանին հաղթահարելու պատժամիջոցները, իսկ Ղազախստանի եւ Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչները նշել են, որ չեն պատրաստվում դա անել՝ զգուշանալով երկրորդային պատժամիջոցներից: Միաժամանակ, երկու երկրները մտադիր են շարունակել եւ ավելացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, նշվում է զեկույցում։
Դիտում՝ 7831
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW