Անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներհոսքը վերականգնվել էր՝ հասնելով մինչ համավարակային մակարդակի՝ մոտ $1,6 տրիլիոնի։ Սակայն այս տարվա հեռանկարներն ավելի մռայլ են:Այս մասին ասված է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) նախօրեին հրապարակած զեկույցում, որից հատվածներ է ներկայացնում ՏԱՍՍ-ը։2021 թվականին աճը կազմել էր 64%։ Ռուսաստանը ներառվել էր ՕՈՒՆ-ի ամենամեծ ներհոսք ունեցող պետությունների եւ տարածքների տասնյակում։ Այս ցուցակում ընդգրկված էին նաեւ ԱՄՆ-ը, Չինաստանը, Սյանգան հատուկ վարչական շրջանը (Հոնկոնգի չինական անվանումը), ինչպես նաեւ Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Մեքսիկան, Սինգապուրը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։Սակայն «ընթացիկ տարում բիզնեսի եւ ներդրումների համար մթնոլորտը կտրուկ փոխվել է», նշել են UNCTAD-ում: Փորձագետների փոխանցմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում, հանգեցրել են «եռակի ճգնաժամի, որը դրսեւորվում է սննդամթերքի եւ վառելիքի բարձր գներով, ինչպես նաեւ ֆինանսավորման խստացմամբ»։ Ի թիվս այլ գործոնների, որոնք բացասաբար են ազդում ներդրումների ներհոսքի հեռանկարների վրա, զեկույցի հեղինակները նշում են համավարակի հետ կապված իրավիճակը, խոշոր տնտեսություններում բանկային տոկոսադրույքների հավանական աճը եւ պոտենցիալ ռեցեսիան։«Ըստ UNCTAD-ի կանխատեսումների՝ 2021 թվականի ազդակը կայուն չի լինի, եւ ՕՈՒՆ-ի համաշխարհային հոսքը, ամենայն հավանականությամբ, կանցնի նվազման հետագիծ: Լավագույն դեպքում այն կմնա նույն մակարդակի վրա»,- նշված է զեկույցում։Մարտին UNCTAD-ը նվազեցրել էր 2022 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը (3,6%-ից մինչեւ 2,6%)։ Փորձագետները բացատրել էին, որ դա պայմանավորված է ուկրաինական իրադարձությունների հետեւանքներով եւ «վերջին ամիսներին երկրների կողմից մակրոտնտեսական քաղաքականության փոփոխություններով»։ Tweet Դիտում՝ 7365