Հունիսի 1-ին Բիբլոս Բանկ Արմենիան, ի դեմս գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի, Հայաստանի ազգային գրադարանին նվիրաբերեց 1872 թվականին հրատարակված Հայաստանյաց առաքելական եկեղեցու «Ճաշոց» գիրքը։Միջոցառումը խորհրդանշական էր՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, քանի որ Բիբլոս Բանկ Արմենիան գիրքը ձեռք էր բերել City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի՝ 2021 թվականի դեկտեմբերին կայացած բարեգործական ընթրիքին արված նվիրատվության դիմաց, որն ամբողջությամբ ուղղվել է քաղցկեղի դեմ պայքարող երեխաների բուժմանը։«Երեխաների բուժմանն աջակցող նախագծերը մշտապես ներառված են մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում։ Այսօր էլ մեծ սիրով նվիրում ենք այս գիրքը Հայաստանի ազգային գրադարանին որպես շարունակություն երեխաների աջակցությանն ուղղված մեր գործունեության»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։«Ճաշոց Գիրք Հայաստանյաց Եկեղեցոց» անվանմամբ 782 էջանոց այս նմուշը, որ պատկանել է նշանավոր հայագետ եւ արեւելագետ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյանին, բարեգործական ընթրիքի համար հիմնադրամին էր տրամադրել նրա ծոռնուհին՝ երաժիշտ ջութակահար Սոնա Ազարյանը, ով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում։Իր հերթին, գրադարանի համար գրքի կարեւորության մասին խոսեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ վստահեցնելով, որ այն իր արժանի տեղը կգտնի ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի հավաքածուներում։Գիրքը «Ճաշոց» է կոչվել, քանի որ նախատեսված է հիմնականում ճաշի ժամերգության ընթացքում կարդալու համար: Սա գրքի երկրորդ հրատարակությունն է։ Առաջին անգամ գիրքը տպագրվել է 1686 թվականին Վենետիկում, իսկ երկրորդ անգամ՝ 1872 թվականին Էջմիածնում: «Հայաստանի ազգային գրադարանին նվիրաբերված այս նմուշին յուրահատկություն եւ հավելյալ արժեք է հաղորդում Երվանդ Տեր-Մինասյանի կողմից դրված անձնական կնիքի առկայությունը»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 14071