ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

03.06.2022 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ռուսաստան #պատժամիջոցներ
ԱՄՆ իշխանությունները նախօրեին ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

«Պետդեպարտամենտը պատժամիջոցների ցանկում լրացուցիչ ավելացրել է ռուսաստանցի օլիգարխներին եւ էլիտայի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին եւ վերջիններիս հետ կապ ունեցող կազմակերպությունները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում։ Սրանով նաեւ արգելվում է ամերիկյան քաղաքացիներին կամ ընկերություններին բիզնես վարել ցանկում ներառվածների հետ, որոնց նաեւ կարգելվի մուտք գործել ԱՄՆ։

Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, ԱՄՆ-ը որոշել է նոր սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կանխելու Վաշինգտոնի կողմից նախկինում Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանցումը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ արտահանման նկատմամբ ամերիկյան վերահսկողության ռեժիմը խստացնելու նպատակով։  

Նշվում է, որ ամերիկյան նոր սահմանափակումների տակ են հայտնվել ոչ միայն «ռուսաստանյան կառավարության հայտնի պաշտոնյաները եւ բիզնեսի առաջնորդները», այլեւ էլիտաների թանկարժեք ունեցվածքը, այն ընկերությունները, որոնք ներգրավված են դրա կառավարման եւ հարակից ծառայություններ մատուցելու մեջ։ Ընդգծվում է, որ այս ընկերությունները «պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի փորձերի բանալին են»:

Բացի այդ, ԱՄՆ առեւտրի նախարարությունը երեկ հրապարակել է սեւ ցուցակ, որում ներառված է 71 իրավաբանական անձ Ռուսաստանից եւ Բելառուսից, այդ թվում՝ մի շարք ավիաշինարարական եւ նավաշինական ձեռնարկություններ։

«Այդ կազմակերպությունները, ինչպես որոշվել է ամերիկյան կառավարության կողմից, գործում են ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքական շահերի դեմ»,- ասված է տեքստում։ Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 70 ընկերություն Ռուսաստանից եւ մեկ ձեռնարկություն Բելառուսից։

Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, այս ցուցակի մասնակիցներին փաստացի փակված է հասանելիությունն ամերիկյան տեխնոլոգիաներին եւ ծրագրային ապահովմանը, նույնիսկ եթե դրանք օգտագործող ապրանքներն արտադրված են երրորդ երկրներում:
Դիտում՝ 7712
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW