ԵԱԶԲ․ Հայաստանի տնտեսության աճն այս տարի կդանդաղի մինչեւ 1%

31.05.2022 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Հայաստան #ՀՆԱ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է 2022-2024 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը, որի բազային սցենարով ակնկալվում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի կդանդաղի մինչեւ 1,0%, իսկ 2023 թվականին կաճի 3,5%-ով։

«Աճի դանդաղման պատճառը Ռուսաստանում տնտեսական անկումն է։ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության հիմնական ուղիները լինելու են տրանսֆերտների, արտաքին առեւտրի եւ ներդրումների կրճատումը։ Բացի այդ, տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ աճող անորոշությունը բացասաբար կանդրադառնա գործարար ակտիվության վրա»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

Բանկի կանխատեսմամբ՝ 2022 թվականի ավարտին Հայաստանում գնաճը կարագանա մինչեւ 8,6%։ Նշվում է, որ գների աճը կարագանա երկրորդ եռամսյակում՝ կապված արտերկրից ապրանքների մատակարարման դժվարությունների, ներմուծվող պարենային, հումքային եւ ոչ պարենային ապրանքների թանկացման հետ։ 2023 թվականին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ սպառողական գների աճը կդանդաղի մինչեւ 5%: Դրան կնպաստի աշխարհում գնաճի կայունացումը, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին թույլ պահանջարկը։

Հայկական դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2022 թվականին կանխատեսվում է միջինում 480 դրամի մակարդակում։ 2023 թվականին ազգային արժույթը կձեւավորվի հավասարակշիռ ցուցանիշների մոտ եւ տարվա ընթացքում կանխատեսվում է միջինում մեկ դոլարի դիմաց 516 դրամի մակարդակում։

«Հիմնական սցենարի գլխավոր ռիսկը մնում է տնտեսական աճի տեմպերի երկարատեւ դանդաղումը հիմնական առեւտրային գործընկերներ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում։ Միջնաժամկետ հեռանկարում դա կարող է նվազեցնել արտահանման, տրանսֆերտների, զբոսաշրջային հոսքերի եւ ներդրումների պոտենցիալ ծավալները»,- ասված է ԵԱԶԲ-ի կանխատեսման մեջ։
Դիտում՝ 5176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW