Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազեւը կոչ է արել ստեղծել ԵԱՏՄ բորսայական տարածք՝ անցնելով Արեւմուտքից անկախ, ազգային արժույթներով գնագոյացման համակարգին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։«Մենք արդեն բազմիցս ենք առաջարկել Եվրոպայի օրինակով ստեղծել արժութային օձ (համաձայնագիր Եվրոպական տնտեսական համայնքի անդամ երկրների գործողությունները համակարգելու վերաբերյալ՝ կապված այդ երկրների արժույթների՝ միմյանց նկատմամբ հնարավոր տատանումների կարգավորման հետ - «Ինտերֆաքս»): Այսինքն՝ ստեղծել արժույթների տատանումների փոխադարձ սահմանափակումների մեխանիզմ՝ մեր Եվրասիական միությունում ազգային արժույթների համար կայունություն ստեղծելու նպատակով»,- ասել է նա «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։«Ազգային արժույթով հաշվարկների անցնելը հեշտ է։ Չէ որ սա, օրինակ, չի սահմանափակվում դոլարի նկատմամբ կրոս փոխարժեքի միջոցով վերահաշվարկով: Մեզ փոխարժեքի ուղղակի ձեւավորում է պետք, մեր բորսաներն իրենք պետք է որոշեն ազգային արժույթների փոխարժեքների հարաբերակցությունը»,- հավելել է նախարարը։Նա նշել է, որ բանկերը պետք է ստեղծեն պայմաններ, որոնց դեպքում այդ փոխարժեքները կլինեն փոխադարձ կայուն, «այդ ժամանակ կունենանք պայմաններ ազգային արժույթներով գնագոյացման համար»։«Եթե հիշում եք, երկու տարի առաջ ածխաջրածինների գները նվազեցին մինչեւ զրոյական։ Արդյոք մեզ պե՞տք է նման գնագոյացում մեր ռեսուրսների համար: Մենք արտադրում ենք նավթ, գազ, հացահատիկ, շաքար, հանքային պարարտանյութեր, իսկ գները ձեւավորվում են ինչ-որ տեղ Արեւմուտքում։ Մենք ընդհանրապես ազդեցություն չունենք դրանց վրա։ Եվ գների այս արեւմտյան տատանումն առաջացնում է գների անկայունություն մեզ մոտ բոլոր բորսայական ապրանքների համար»,- ընդգծել է Գլազեւը։«Հետեւաբար, ամենակարեւոր խնդիրն է ստեղծել մեր սեփական բորսայական տարածքը, անցնել ազգային արժույթներով գնագոյացման մեր սեփական համակարգին»,- ասել է նախարարը։Գլազեւը նաեւ հավելել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ արեւմտյան պատժամիջոցները խրախուսում են իրենց եւ ԵԱՏՄ այլ երկրներին վերակողմնորոշել առեւտրային հոսքերը դեպի Ասիա, ինչը չեզոքացնում է պատժամիջոցների բացասական ազդեցությունը դրանց տնտեսությունների վրա։«Պատժամիջոցների ճնշման եւ հիբրիդային պատերազմի իրադարձությունները, որոնք Արեւմուտքից ընկել են Ռուսաստանի եւ Բելառուսի վրա, մեզ տեղափոխում են Ասիա։ Այստեղ մենք տեսնում ենք զարգացման նոր հնարավորություններ։ Այս գործընթացները միայն արագացնում են այն անցումը, որը, միեւնույն է, տեղի կունենար, քանի որ համաշխարհային տնտեսության կենտրոնն արդեն տեղափոխվել է Հարավարեւելյան Ասիա։ Չինաստանին ու Հնդկաստանին բաժին է ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի աճի կեսից ավելին։ Եվ միասին դրանք ավելի շատ են արտադրում, քան Ամերիկան ու Եվրոպան»,- նշել է ԵՏՀ նախարարը։«Ուստի մենք պետք է հասկանանք, որ պատժամիջոցները, որոնք խաթարել են առեւտուրը Եվրամիության եւ, ընդհանուր առմամբ, արեւմտյան երկրների հետ, կարելի է հեշտությամբ հաղթահարել՝ մանեւրելով դեպի Ասիա»,- ընդգծել է նա։«Եվ այսօր մենք արդեն տեսնում ենք՝ Ասիան մեր շուկայի կեսից ավելին է: Չնայած այս բոլոր դժվարություններին, Չինաստանի հետ առեւտուրն աճում է տարեկան 30%-ով: Մենք ազատ առեւտրային հարաբերություններ ենք կառուցում Հնդկաստանի հետ։ Կարծում եմ, 2-3 տարի հետո առեւտրային հոսքերի պատկերն ամբողջությամբ կփոխվի։ Մենք կդառնանք ավելի կայուն, ավելի դինամիկ, եթե մեզ հաջողվի ստեղծել աճի նույն մեխանիզմները, որոնք գործում են Չինաստանում եւ Հնդկաստանում, եւ հաջողությամբ կզարգանանք»,- եզրափակել է Գլազեւը։ Tweet Դիտում՝ 5903