Հայաստանում գործարկվել է Invest Armenia ընկերության բիզնես պորտալը, որը կապում է Հայաստանում ներդրումային նախագծերն ավելի քան 2000 ներդրողների, ինչպես նաեւ տեղական արտադրողներին տարբեր երկրների մեծածախ գնորդների եւ դիստրիբյուտորների հետ: Պորտալի միջոցով հնարավոր է հաշվարկել ընկերության հարկային բեռը, արտահանման ներուժը, ստուգել բիզնես պլանի իրատեսականությունն արհեստական բանականությամբ աշխատող գործիքների միջոցով:«Պորտալը յուրովի կամուրջ է մեզ հետ աշխատող ներդրողների, մեծածախ գնորդների, ովքեր հետաքրքրված են Հայաստանով եւ երկրում գործող բիզնեսների միջեւ: Յուրաքանչյուր բիզնես հնարավորություն ունի այստեղ գրանցել թե՛ իր արտադրանքը, թե՛ ներդրումային նախագիծը եւ ընդլայնել իր բիզնես գործունեությունը»,- շնորհանդեսի ժամանակ նշել է ընկերության հիմնադիր Հովսեփ Պատվականյանը: Հովսեփ Պատվականյանը Լուսանկարը՝ Invest Armenia «Ընկերության աշխատանքը պորտալի միջոցով մի շարք ուղղություններով այսուհետ ավտոմատացված է լինելու շնորհիվ Investin.am-ի: Գրանցելով ներդրումային հնարավորություն կամ արտահանման ենթակա ապրանքներ՝ համակարգը ավտոմատացված ծանուցում է ուղարկում բազայում առկա ավելի քան 2000 ներդրողներին եւ դիստրիբյուտորներին` ըստ իրենց կողմից նախապես լրացված պարամետրերի»,- հավելել է ընկերության համահիմնադիր Արամ Կայֆաջյանը։ Արամ Կայֆաջյանը Լուսանկարը՝ Invest Armenia Բացման խոսքով ելույթ ունեցավ նաեւ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը. «Investin.am-ն իր տեսակի մեջ առաջին պորտալն է, որը կապելու է Հայաստանի բիզնեսներին Սփյուռքի հետ: Հարթակի օգնությամբ Սփյուռքի ներկայացուցիչներն այսուհետ կկարողանան արագ տեղեկանալ, թե ինչ ներդրումային հնարավորություններ կան Հայաստանում եւ կապ հաստատել տվյալ բիզնեսների հետ: Ծանոթանալ Հայաստանի տարբեր գործընթացների՝ շինարարական թույլտվության ստանալուց մինչեւ կացության քարտ ստանալը»: Զարեհ Սինանյանը Լուսանկարը՝ Invest Armenia Tweet Դիտում՝ 5036