Հարցմանը մասնակցած հարկատուների 86.1%-ը դրական է գնահատել ՊԵԿ գործունեությունը

27.05.2022 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկատուներ #հարցում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գործունեության վերաբերյալ հարկ վճարողների շրջանում` ապրիլի 4-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անցկացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է:

Հարցումն իրականացվել է ՊԵԿ պաշտոնական կայքում եւ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում զետեղված հարցաթերթիկի միջոցով:

Առցանց հարցմանը մասնակցել է 641 հարկ վճարող, որոնցից՝ 592-ը կազմակերպություն/ԱՁ (հարցվածների 92.4%-ը), իսկ 49-ը՝ ֆիզիկական անձ (հարցվածների 7.6%-ը): Հարցաթերթիկը բաղկացած է եղել 13 հարցից:

Հարցմանը մասնակցել են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող հարկ վճարողները, որոնցից 277-ը հանդիսացել են ԱԱՀ վճարող կամ հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող, 243-ը՝ շրջանառության հարկ վճարող, 90-ը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (որից 18-ը ֆիզիկական անձ) եւ 31-ը՝ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձ:

Հարցման արդյունքների համաձայն, երբ դիտարկվում է հարցերին դրական գնահատական տված մասնակիցների մասնաբաժինը ընդհանուր թվաքանակի մեջ, ստացվում է, որ ՊԵԿ ընդհանուր գործունեությունը դրական է գնահատել հարցման մասնակիցների 86.1%-ը, իսկ հարկային մարմնի մասով՝ մասնակիցների 87.1%-ը եւ մաքսային մարմնի մասով` 81.2%-ը:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «Խնդրում ենք գնահատել ՊԵԿ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարումը կամ վարքագիծը» հարցին տրվել է ամենաշատ դրական պատասխանը (641 պատասխան, որից 595-ը կամ 92.8%-ը դրական), իսկ ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող դրական պատասխանը տրվել է «Ինչպե՞ս եք գնահատում հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով Ձեզ ուղարկվող ծանուցումների օգտակարությունը» հարցի վերաբերյալ (431 պատասխան, որից 425-ը կամ 98.6%-ը դրական):

Հարցման շրջանակում հարկ վճարողները գնահատել են ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը, անդրադարձ է կատարվել նաեւ իրականացվող ստուգումներին։ Գնահատվող հարցերից բացի, հարկ վճարողներին հնարավորություն է տրվել ներկայացնել նաեւ իրենց առաջարկությունները։ Ընդհանուր առմամբ ստացվել է 163 առաջարկ, որոնք  հիմնականում վերաբերել են հարկային եւ մաքսային մարմինների գործունեության բարելավման հնարավոր ուղղություններին, օրենսդրական փոփոխություններին եւ այլ ուղղությունների: Մասնավորապես՝ ստացված առաջարկների 30.7%-ը վերաբերել է օրենսդրական կարգավորումներին, 28.8%-ը՝ խորհրդատվության եւ իրազեկման խնդիրներին,  25.8%-ը՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցմանը, 12.9%-ը՝ ծառայողների կողմից իրավաչափ վարքագիծ պահպանելուն եւ 1.8%-ը՝ մաքսային վարչարարության պարզեցմանը:

«Պետական եկամուտների կոմիտեն մեծապես կարեւորվում է հարցման արդյունքներն ու ստացված առաջարկները՝ հարկային եւ մաքսային արդյունավետ վարչարարության կազմակերպման, հարկային մարմին-հարկ վճարող երկխոսության ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Արդյունքները հնարավորություն են տալիս նաեւ գնահատել հարկ վճարողների վերաբերմունքը հարկային եւ մաքսային վարչարարության վերաբերյալ՝ հետագա բարեփոխումների առաջնահերթ ուղղություններ սահմանելու նպատակով», ասված է հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 4198
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW